Երեւանում՝ «Տաշիր սթրիթ» առեւտրի կենտրոնում այսօր՝ սեպտեմբերի 14-ին, հանդիսավորությամբ բացվեց «Հայաստանի էլեկտարական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության բաժանորդների Սպասարկման կենտրոնը։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ի տնօրեն Կարեն Հարությունյանի խոսքով՝ Սպասարկման կենտրոնի բացման նպատակն է ՝ առավելագույնս մատչելի դարձնել սպառողների համար ոլորտին առնչվող գիտելիքները։ « Բաժանորդների համար հրատարակված է սպառողի ուղեցույց, էլեկտրաէներգիայի հաշվարկի սարքերի, դրանց տեղակայման վերաբերյալ տեղեկատվություն, էլէներգիայի մատակարարման եւ սպառման կանոնները եւ բաժանորդներին հետաքրքրող այլ տեղեկատվություն», –ասաց Հարությունյանը։
Նրա խոսքով՝ բաժանորդները Սպասարկման կենտրոն կարող են դիմել ՀԷՑ–ին վերաբերող ցանկացած հարցով։ Կենտրոնի աշխատակիցները հնարավորինս արագ եւ պատշաճ ձեւով կպատասխանեն բաժանորդին հուզող հարցին կամ տեղում, կամ էլփոստի ու զանգի միջոցով։
«Սպասարկման կետի ստեղծման հիմքում բաժանորդի համար առավելագույն հարմար պայմանների ստեղծումն է։ Կենտրոնը սպասարկելու է ոչ միայն երեւանցիներին, այլեւ՝ երկրի բոլոր մարզերի իր բաժանորդներին»,– ասաց նա։
Նշենք, որ առաջիկա օրերին եւս մեկ Սպասարկման կենտրոն բացվելու է «Տաշիր» առեւտրի կենտրնում, իսկ մոտ ապագայում եւս երեքը կբացվեն մայրաղաքաքի երեք վարչական շրջաններում։ Սպասարկման կենտրոններ կբացվեն նաեւ Գյումրիում եւ Վանաձորում։
«Ունենալու ենք սպասարկման կենտրոններ Հայաստանի գրեթե բոլոր քաղաքներում»,– նշեց Հարությունյանը։











