Դատախազին տրված սահմանափակ լիազորություններով մենք ամորձատում ենք դատախազությունն այնպես, որ այն որեւէ իրական, ռեալ ազդեցություն չկարողանա ունենալ քրեական վարույթի ընթացքում: Այս մասին այսօր` սեպտեմբերի 14-ին, ԱԺ-ում գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանի ընտրության վերաբերյալ քննարկումների ժամանակ ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը:

«Մեր դատախազը դիտորդ է, մեր դատախազը քննչական գործողությունների մասնակցության իրավունք չունի: Եթե դատախազը համաձայնում է միայն մեղադրյալի հարցաքննության ներկայության հետ, տուժողին չի ճանաչում, վկային չի ճանաչում, ո՞նց է մեղադրանքը պաշտպանելու դատարանում, ինչպե՞ս է հաստատելու դատարանում մեղադրանքի որոշումը: Եթե քննիչը անձնական կոնտակտ չի ունեցել նրանց հետ, ինքը պիտի կոֆեի բաժա՞կ նայի` հաստատեմ, թե չէ, կամ գիր ու ղո՞ւշ գցի»,- ասաց Գագիկ Ջհանգիրյանը:

Պատգամավորի խոսքով`  քրեական դատավարության օրենսգիրքը դարձել է մինչդատավարական վարույթներում թույլ տված սխալները հետին թվով շտկող մարմին, ընթացիկ վերահսկողություն գոյություն չունի:

«Դատախազն այլ ձեւեր, մեխանիզմներ պիտի օգտագործի, որ կարողանա բուն նախաքննության եւ հետաքննության նկատմամբ հսկողության իրականացնել կենդանի աշխատանքի պայմաններում: Մինչդեռ, օրինակ Լեհաստանի դատախազությունը ոչ միայն ընթացիկ հսկողություն է իրականացնում,այլեւ հսկողության լիազորություններ ունի օպերատիվ հետախուզական մարմինների կողմից ձեռնակվող միջոցառումների նկատմամբ»,- ասաց նա: