«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից քիչ առաջ ազատ է արձակվել Սարի թաղի անկարգությունների գործով կալանավորված` «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Վահագն Ղումաշյանը:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ կալանավայրի մոտ նրան դիմավորելու էին եկել «Հիմնադիր խորհրդարանի» անդամներ:
Լրագրողների հետ զրույցում Վահագն Ղումաշյանը նշեց, որ իր կալանավորումն անհիմն էր, ավելին` հուլիսի 31-ին ինքը Սարի թաղում չի եղել:
«Իմ գիտակցական կյանքում ես Սարի թաղում չեմ եղել, դեպքի հաջորդ օրը հայրիկիս տուն հյուր էի գնացել, հենց այդտեղից էլ եկան, բերման ենթարկեցին»,- ասաց նա:
Վահագն Ղումաշյանը կարծիք հայտնեց, որ իրեն հետապնդել են իր քաղաքական հայացքների համար:
«Իրենք էլ չէին հասկանում, թե ինչի համար են ինձ կալանավորել: Դրանով ուզում էին ցույց տալ, որ այն մարդիկ, որոնք իսկապես որեւէ մեղք չունեն, կարող են կալանավորվել այն բանի համար, որ «Հիմնադիր խորհրդաիանի» համակիր են»,- ասաց նա` նշելով, որ շարունակելու է պայքարը:
Վահագն Ղումաշյանի փաստաբանը նշեց, որ դեռ հայտնի չէ, թե ինչ հիմքով են ազատ արձակել նրան:











