Հանրապետական կուսակցությունն է առաջադրել գլխավոր դատախազի թեկնածությունը, եւ կուսակցությունը նրանից էլ կպահանջի: Սեպտեմբերի 14-ին այս մասին ԱԺ-ում հայտարարել է Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ ելույթ ունենալով գլխավոր դատախազի պաշտոնում Արթուր Դավթյանի թեկնածության քննարկմանը:

Բաղդասարյանի խոսքով՝ Դավթյանն այն քաղաքական ուժի թեկնածուն է, որը սահմանադրական բարեփոխումներից հետո աշխատելու նոր կանոններ է որդեգրել: Այդ պատճառով, եթե նա, այդքան երիտասարդ լինելով, համաձայնել է այսպիսի պատասխանատու պաշտոնի հավակնելուն, ապա պետք է պատրաստ լինի այդ շատ բարդ եւ պատասխանատու պաշտոնում փոխելու խաղի կանոնները:

«Խորհրդարանը պատրաստ է ոչ միայն համագործակցելուն, այլ նաեւ պահանջելուն: Ձեզ կոչ եմ անում պատգամավորների եւ համապատասխան հանձնաժողովների հետ ակտիվ աշխատել, որպեսզի կարողանանք միասին արդյունքի հասնել»,- ասել է Բաղդասարյանը: