Հայաստանի կառավարության ռազմավարական որոշումներն արագ չեն ընդունվի: Այդ մասին սեպտեմբերի 14-ին՝ խորհրդարանում կառավարական ժամի ընթացքում, հայտնել է Հայաստանի նոր վարչապետ Կարեն Կարապետյանը` պատասխանելով պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի հարցին:
Նրա խոսքով, աշխատանքի առաջին փուլում կառավարությունը կարճաժամկետ հարցեր կլուծի: Երկրորդի համար ժամանակ է պետք, որպեսզի կառավարությունը որոշի, թե ինչ ուղղությամբ է տանելու երկիրը: Նոր կառավարությունը կօգտագործի նաեւ հնի ծրագիրը: «Մեր նպատակն է առավելագույնս բարենպաստ պայմանների հասնել նրանց համար, ովքեր հավելյալ արժեք են ստեղծում: Բոլոր համաշխարհային ստանդարտներով երջանիկ երկրները նրանք են, որտեղ երջանիկ է ձեռնարկատերը, որը երկրի համար արժեքներ է ստեղծում: Այդպիսին է տեսլականն ընդհանուր գծերով, իսկ կոնկրետ քայլերն ապագայում կներկայացնենք», - ասել է Կարեն Կարապետյանը:











