Նրան, ում հարկային արտոնություններ են տրվում, պետք է ապացուցի, թե դրանցից որքանի վերադարձը ինքը կկարողանա ապահովել։ Այս մասին սեպտեմբերի 15-ին Կառավարության նիստում ասել է վարչապետ Կարեն Կարապետյանը։

Դիմելով էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանին՝ նա զարմանք է հայտնել այն կապակցությամբ, որ գերատեսչությունը ՊԵԿ–ից հաշվետվություններ չունի այն մասին, թե արդյոք ընկերություններն ամբողջությամբ են վերադարձրել իրենց ներդրումային ծրագրերի համար հետաձգված ԱԱՀ–ն, թե ոչ, ընկերությունները պետք է ներկայացնեին, թե այդ ծրագրերի շնորհիվ քանի աշխատատեղ է բացվել։ «Ես չեմ ասում, որ դուք բիզնեսից նոր տեղեկանքներ պահանջեք։ Ուղղակի պետք է, որ դուք մշտադիտարկում անցկացնեք։

Պայմանավորվե՛ք ՊԵԿ–ի հետ, հաշվետվության ձե՛ւ կազմեք։ Օրինակ, վերջին ընկերությունը, որը դիմել է արտոնություն ստանալու համար, որքա՞ն ժամանակ է ծախսել այն ստանալու համար։ Վստահ եմ, որ 7 ամիս նրանք նամակագրություն են վարել։ Իսկ էկոնոմիկայի նախարարությունը իր սահմանմամբ բիզնեսին աջակցող գերատեսչություն է։ Դուք պետք է նրանց ձեռքից բռնած տանեք բոլոր գերատեսչություններով, որպեսզի վստահ լինեք, որ նրանց ոչ ոք չի խանգարում։ Ավելորդ բյուրոկրատիայի կարիք չկա։ Անհրաժեշտ են բոլորին հասկանալի խաղի կանոններ։ Ով դրանց համապատասխանում է, կարող է հավակնել արտոնություններ ստանալուն։ Մնացած դեպքերը կդիտարկենք առանձին»,– ասել է Կարապետյանը։

Դրան ի պատասխան՝ Արծվիկ Մինասյանը հակադարձեց. «Մեզ մոտ ներդրողները ոչ մի ավելորդ օր չեն սպասում։ Բայց մենք, իհարկե, կառաջարկենք արտոնություններ ստանալու համար բիզնեսի դիմումների պարզեցման մեխանիզմներ»։