Ոչ ճիշտ ձեւակերպված միտք է, փաստորեն. չեմ կարծում, որ մինչեւ հիմա բիզնեսներ են խլել։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 15-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանն՝ անդրադառնալով նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի այն հայտարարությանը, որ իրենք ոչ մեկի բիզնեսը չեն խլի։
«Ոչ ճիշտ ձեւակերպված միտք է, փաստորեն, չեմ կարծում, որ մինչեւ հիմի բիզնեսներ են խլել։ Դա վարչապետի տեսանելի բան է, ես ոչ զբաղվել եմ բիզնեսով ոչ էլ գիտեմ՝ խլելու գործընթացն ինչպես է»,-ասել է պատգամավորը։
Համլետ Հարությունյանը նշել է, որ ինքն էլ է լսել, որ Հայաստանում բիզնեսը խլում են, բայց դժվարացել է կոնկրետ օրինակներ բերել. «Ես շատ քննադատաբար եմ մոտենում այդ հարցին, որ եղել են նման բաներ, ես էլ եմ լսել»։
Հարցին՝ հավատո՞ւմ է, որ նոր վարչապետը կունենա այնպիսի լծակներ, որ կարողանա իսկապես բիզնես խլելու արատավոր երեւույթի դեմ պայքարել, առավել եւս, որ հանրությանը հայտնի են բիզնես խլողների անունները, ՀՀԿ-ական պատգամավորն արձագանքել է. «Ես երկար ժամանակ քաղաքականության մեջ եմ եւ 14 վարչապետ է փոխվել, շատերի մասին կարծիք եմ հայտնել, հույս եմ ունեցել, էսօր էլ Կարեն Կարապետյանի վրա բավականին մեծ հավատ ունեմ եւ կարծում եմ, որ ինքը իր ասածների տերը պիտի լինի»։











