Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը չի լսել նորանշանակ վարչապետի այն հայտարարությունը, թե ով լավ է աշխատում, նրա բիզնեսը չեն խլելու:

Այսօր` սեպտեմբերի 15-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում Գալուստ Սահակյանը նախ ընդգծեց` ինքը նման բան չի լսել, ապա ավելացրեց. «Ոչ մեկից ոչ մի բան չի խլվել, չի դրվել, ոչ էլ կարծում եմ` Կարեն Կարապետյանն այնպիսի բան է ասել, որ ձեզ համար հասկանալի չէ»:

Նշենք, որ սեպտեմբերի 14-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հարցին, թե խաղի նոր կանոններ են լինելու, Կարեն Կարապետյանը պատասխանել էր. «Այո, կլինեն խաղի հավասար կանոններ։ Մենաշնորհներին պետք է վերաբերվել հետեւյալ կերպ՝ երկրի փոքրությունը բերելու է նրան, որ որեւիցե ոլորտում միշտ լինելու է խոշոր խաղացող, այլ խնդիր է, թե խոշոր խաղացողը արդարացի, մրցունակ պայմաններում է առաջանում, թե՞՝ ադմինիստրացիոն կերպով։ Լինելու են հավասար պայմաններ, եթե մեկնումեկը լինի հաջողակ բիզնես, մենք իրենից այդ բիզնեսը որեւիցե կերպ չենք խլելու»։

Կարեն Կարապետյանը վարչապետ է նշանակվել սեպտեմբերի 13-ին: