Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել 7-ամյա երեխայի վրաերթի եւ դրան հետեւած դանակահարության մասին:

Ոստիկանության հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշվում է. «Վանիկ Ս.-ն վնասվածքներն ստացել էր Հրազդանի միկրոշրջան թաղամասում: Նրանից բացատրություն վերցնել, կամ կատարվածի վերաբերյալ որեւէ տեղեկություն ստանալ անհնար էր, առողջական վիճակը թույլ չէր տալիս:

Ոստիկանության Հրազդանի բաժնի աշխատակիցները նույն օրը պարզել են դեպքի հանգամանքները եւ սպանության փորձ կատարելու կասկածանքով բերման ենթարկեցին 35-ամյա Գագիկ Խ.-ին:

Իսկ պատճառը հուլիսի 4-ին տեղի ունեցած մահացու վրաերթն էր, որի ժամանակ մահացել էր Գագիկ Խ.-ի 7-ամյա որդին՝ ծնողների աչքի առջեւ:

Միկրոշրջան թաղամասի Անդրանիկի փողոցում «ՎԱԶ-2104»-ի վարորդը վրաերթի էր ենթարկել 7-ամյա երեխային:Երեխան ծնողների ու քույրերի հետ մայթով քայլելիս էր եղել, երբ մեքենան դուրս գալով ճանապարհի երթեւեկելի գոտուց, հարվածել էր նրան, ապա բախվել շինության պատին:

Ներկաների խոսքով, մեքենան արագ էր ընթացել:

Վթարի վայր ժամանած ոստիկանները վարորդ 39-ամյա Վանիկ Ս.-ին տեղափոխել են ոստիկանության բաժին, որտեղ պարզվել է, որ խմած է: Այլ կերպ անհնար էր բացատրել վթարի պատճառը: Այդ գործով Վանիկը ներգրավվել էր որպես մեղադրյալ:

Պարզվել էր, որ քրոջ ամուսնու հետ ընթացել էր միկրոշրջան թաղամասի շուկայի խաչմերուկի ուղղությամբ: Նա ձախ շրջադարձն իրականացրել էր այնպիսի արագությամբ, որ իրեն զրկել էր մեքենան կառավարելու հնարավորությունից: Մեքենան իներցիայով ընթացել էր աջ ու վրաերթի ենթարկել մայթով քայլով երեխային:

Վանիկ Ս.-ն սկզբում կալանավորվել էր, բայց հետո ազատ էր արձակվել:

Վանիկ Ս.-ին դանակահարողը երեխայի հայրն էր:

Նախնական տվյալներով նրանք վրաերթի հետ կապված հարցերով վիճել են Միկրոշրջան թաղամասում, որի ընթացքում Գագիկ Խ.-ն մի քանի անգամ դանակով հարվածել է Վանիկ Ս.-ին:: Ոստիկանները երեխայի հորը հայտնաբերել են թաղամասի թիվ 121 շենքի բակում եւ բերման ենթարկել:

«7-ամյա որդուս գցել է մեքենայի տակ, տեղում մահացել է»,-ասել է նա:

Մանրամասները՝ տեսանյութում: