Պետք չի եզը վերցնել տակը հորթ ման գալ։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 15-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանն՝ անդրադառնալով Կարեն Կարապետյանի այն հայտարարությանը, որ իրենք բիզնես չեն խլի։
«Ես չգիտեմ մի օրինակ, եւ չեմ էլ կարծում, որ ամեն մի բառ որ լսում եք, փորձեք միկրոսկոպով ուսումնասիրել եւ բաներ ման գալ։ Սա մեր հայկական հին եւ բարի ավանդույթն է․ եզը վերցնում են տակը հորթ են ման գալիս։ Վարչապետը նկատի է ունեցել հնարավոր բոլոր հանգամանքները, որ կարող են եղած լինել երբեւիցէ որեւէ երկրում, որեւէ ժամանակում, որեւէ պայմաններում, կամ որեւէ նեգատիվ երեւույթ, որը տեսկաանորեն եւ գործնականորեն կարող էր լինել կամ գոյություն ունենալ։ Ճիշտն ասած, այդ պահը ես չեմ լսել, միգուցե ուշադրությունս այլ բանի վրա է եղել, դրա համար չեմ կարող լավ մեկնաբանել, պետք է իրեն դիմեք։ Պետք չի եզը վերցնեք տակը հորթ ման գաք»,-ասել է Նաղդալյանը։
Անդրադառնալով նորանշանակ վարչապետի այն հայտարարությանը, որ ՀՀ տնտեսությունը շատ ծանր վիճակում է, Նաղդալյանն ասել է. «Մենք միշտ կողմնակից ենք եղել խնդիրը հստակ ձեւակերպենք, հասկանանք։ Երբեւիցէ Հանրապետականը չի փորձել ոչ ճիշտ ներկայացնել իրավիճակը, որպեսզի լուծումները ճիշտ լինեն։ Իհարկե, 25 տարի շրջափակման վիճակի մեջ գտնվող երկրի տնտեսությունը ծանր վիճակում է լինելու: Փոքր շուկա ունեցող, փոքր գնողական հնարավորություններ ունեցող շուկայի խնդիրները բավականին ծանր են լինելու, մենք փորձում ենք այլ միջոցներով, երեւույթները օգտագործելով կոմպենսացնել այն ծանր կողմերը, որն ունի մեր տնտեսությունը։ Դրա համար մենք գնում ենք առավել ազատականացնելու բիզնեսի հնարավորությունները»,-ասել է Նաղդալյանը։
Նշենք, որ սեպտեմբերի 14-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հարցին, թե խաղի նոր կանոններ են լինելու, Կարեն Կարապետյանը պատասխանել էր. «Այո, կլինեն խաղի հավասար կանոններ։ Մենաշնորհներին պետք է վերաբերվել հետեւյալ կերպ՝ երկրի փոքրությունը բերելու է նրան, որ որեւիցե ոլորտում միշտ լինելու է խոշոր խաղացող, այլ խնդիր է, թե խոշոր խաղացողը արդարացի, մրցունակ պայմաններում է առաջանում, թե՞ ադմինիստրացիոն կերպով։ Լինելու են հավասար պայմաններ, եթե մեկնումեկը լինի հաջողակ բիզնես, մենք իրենից այդ բիզնեսը որեւիցե կերպ չենք խլելու»։











