Հայաստանի նոր գլխավոր դատախազ է դարձել Արթուր Դավթյանը, որին սեպտեմբերի 15-ին ԱԺ–ում ընտրել են փակ գաղտնի քվեարկությամբ, հայտնում է NEWS.am–ի թղթակիցը։

Խորհրդարանի ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանի խոսքով՝ քվեարկությանը մասնակցել է 103 պատգամավոր։ «Անվավեր է ճանաչվել 3 քվեաթերթիկ։ 97 պատգամավոր կողմ է քվեարկել, 3-ը՝ դեմ»,– ասել է Ավետիսյանը։

Հիշեցնենք, որ ԱԺ-ում ՀՀ գլխավոր դատախազի ընտրությանը չեն մասնակցել ՀԱԿ եւ ԲՀԿ խմբակցությունները:

Քվեարկության արդյունքների հրապարակումից հետո Արթուր Դավթյանը նշել է.

«Գիտակցում եմ իմ առջև դրված խնդիրները: Վստահեցնում եմ, որ գիշեր ու զօր աշխատանքով ամեն ինչ անելու ենք՝ սպասումներն արդարացնելու համար»: Նա հավելել է, որ հաջողություններ կարելի է գրանցել խորհրդարանի հետ արդյունավետ համագործակցության միջոցով:

ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը հրաժարական էր ներկայացրել օգոստոսի 4-ին:


Արդարադատության I դասի խորհրդական

Ծնվել է 1978թ. դեկտեմբերի 8-ին, Շիրակի մարզի Հոռոմ գյուղում:

Մասնագիտական գործունեություն

ՀՀ Ազգային ժողովի` 15.09.2016 թ. որոշմամբ նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազ
2016թ. հունիսի 22-ի ՀՀ նախագահի հրամանագրով Արթուր Դավթյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ
2013-2016թթ. – Երևան քաղաքի դատախազ
2012-2013թթ. – Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազ
2008-2012թթ. - ՀՀ գլխավոր դատախազության մարդու իրավունքների դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ
2007-2008թթ. – ՀՀ գլխավոր դատախազության մարդու իրավունքների դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ
2006-2007թ.- ՀՀ գլխավոր դատախազության հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ
2000-2006թթ. – ԵՊՀ քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի դասախոս
Դասախոսում է «Հայաստանում Ֆրանսիական Համալսարանում», «Երևանի Պետական Մանկավարժական Համալսարանում»:

Կրթություն

2005թ. – Իրավաբանական գիտությունների թեկնածու
2001-2004թթ. – ԵՊՀ, ասպիրանտուրա
1999-2001թթ.- ԵՊՀ , մագիստրատուրա
1995-1999թթ. – ԵՊՀ, բակալավրիատ

Ամուսնացած է, ունի երկու դուստր