Դատախազությունը եւ քննչական մարմինը գնդակը միմյանց գցելով նպատակ ունեն հոգնեցնել ինձ: Նման հայտարարությամբ այսօր` սեպտեմբերի 16-ին, Կենտրոն եւ Նորք Մարաշ հայանքների ընդհանուր իրավասության դատարանում հանդես եկավ «Սասնա ծռեր» խմբին աջակցելու մեջ մեղադրվող` «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանը` դատախազի անգործության դեմ իր պաշտպանի բերած բողոքի քննությանը:
«Երեխաների խաղ կա, երբ երկու հոգի գնդակ են գցում, մեկը մնում է մեջտեղում: Հիմա դատախազությունը եւ քննչական մարմինը գնդակը գցում են իրար եւ մեջտեղում կանգնած վազվզում եմ այս կողմից այն կողմ իզուր տեղը: Դատարանն էլ իմ հետ դարձել է էդ մեջտեղի խաղացողը: Դատախազությունը քննիչի հետ գնդակը գցում է այս ու այն կողմ ու ես եւ դուք այս խաղի մեջ դարձել ենք չլոցի»,- ասաց Կարո Եղնուկյանը:
Ըստ Կարո Եղնուկյանի` դատախազությանն եւ քննչական մարմինների գործողությունների նպատակն իրեն հոգնեցնելն է:
«Մենք դիմում ենք քննչականին, ասում ենք` վերացրեք մեղադրանքը, քննչականը պատասխանում է` մենք պայման չենք քննարկի, հետաձգում ենք քննությունը: Հետո դիմում ենք դատախազություն, հղում է անում քննիչի որոշմանը, ասում է` ինքն արդեն պատասխանել է Ձեզ, այնինչ քննիչը հետաձգել էր բողոքի քննությունը: Ինչպես կարող է դատախազությունը հղում կատարել բովանդակություն չունեցող բանի վրա»,- ասաց Կարո Եղնուկյանը:
Այսօր տեղի ունեցած դատական նիստին խոսքով հանդես եկան նաեւ Եղնուկյանի պաշտպանն ու դատախազության ներկայացուցիչը:
Փաստաբանը բողոք է ներկայացրել՝ պահանջելով պարտավորեցնել գլխավոր դատախազին կատարել իր գործառույթները: Նա ըստ փաստաբանի, մերժելով իրենց ներկայացրած բազմաթիվ միջնորդությունները, անգործություն է դրսեւորել ինչպես «Սասնա ծռեր» խմբի, այնպես էլ խմբին օժանդակելու մեղադրանքով կալանավորված՝ «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանի գործերով:
Նա իր բողոքի հիմքում դրել է այն, որ բազմաթիվ միջնորդություններ են ներկայացրել թե կալանքը, թե մեղադրանքը վերացնելու վերաբերյալ, սակայն բոլոր միջնորդությունները մերժվել են առանց լուրջ հիմնավորումներ ներկայացնելու: Ըստ պաշտպանի` Եղնուկյանին մեղադրում են նաեւ ոստիկաններին պատանդ պահելուն, շենքեր գրավելուն աջակցելու մեջ, այնինչ ոչ մեկին մեղադրանք չի առաջադրվել այդ հոդվածներով:
Ըստ դատախազության ներկայացուցչի` ոստիկաններին պատանդ պահելու եւ շենքեր գրավելու մեջ մեղադրվողներին ներել են, երբ նրանք ինքնակամ հրաժարվել են այդ գործողություններ կատարելուց, այնինչ նրանց աջակցողների գործողությունները կանխվել են իրավապահների միջամտությամբ: Փաստաբանը օրենքից դուրս որակեց դատախազության ներկայացուցչի այս հիմնավորումը:











