Հայրապետյանների 5 հոգանոց ընտանիքին, որն արդեն 16 տարի ապրում է Երեւանի Մոլդովական փողոցում գտնվող տնակներից մեկում, վտարում են: Ընտանիքը տարիներ առաջ աղբով լցված տարածքը մաքրել, բարեկարգել է եւ բնակություն հաստատել 21 քմ տնակում: Սակայն, սկսած 2015թ. ընտանիքը հայտնվել է անելանելի վիճակում. չունենալով տարածքի սեփականության վերաբերյալ որեւէ փաստաթուղթ, աճուրդով տարածք ձեռք բերած նոր սեփականատերը ընտանիքին վտարում է այնտեղից:
«Առանց մեզ տեղեկացնելու աճուրդ է կայացել, որի ժամանակ տարածքը ձեռք է բերել ոմն Գագիկ Մանուկյան: Սեպտեմբերի 2-ին ԴԱՀԿ աշխատակիցները եկել էին մեր տուն եւ նախազգուշացրին, որ ազատենք տունը: Սեպտեմբերի 15-ին էլ եկան տուն, որպեսզի մեզ վտարեն այնտեղից, սակայն մայրս դիմեց ծայրահեղ քայլի՝ բենզինով բարձրացավ տանիք եւ սպառնում էր ինքնահրկիզվել: Մեզ ժամանակ տվեցին մինչեւ նոյեմբեր»,-NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Աշոտ Հայրապետյանը:
Նա նշեց, որ իրենց ընտանիքն ապրում է սոցիալապես ծայրահեղ ծանր պայմաններում, սակայն, չեն դժգոհում, միայն ուզում են, որ կիսաքանդված տանիքը իրենցից չվերցնեն, որպեսզի գոնե կարողանան շարունակել ապրել այնտեղ:
«Մենք էս իշխանություններից ոչինչ չենք պահանջել եւ չենք էլ պահանջում: Մեր ամսական եկամուտը հազիվ բավականացնում է, որպեսզի հոգանք մեր առօրյա ծախսերը, մենք վարձակալությամբ ապրելու հնարավորությու չունենք: Թող մեզ թույլ տան գոնե ապրենք այս 21 քմ. տարածքում, ուրիշ ոչինչ չենք պահանջում, առանց այն էլ այս տնակի պայմաններն ապրելու համար ծայրահեղ են»,-ասաց նա:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ սեպտեմբերի 15-ին Երեւանի բնակիչ 53-ամյա Նարգիզ Ասլիկյանը, որի ընտանիքին սպառնում էին վտարել տնից, բարձրացել է տնակի տանիք եւ սպառնացել ինքնահրկիզվել:













