Վարչապետ Կարեն Կարապետյանը փողի կարիք չունի եւ եկել է աշխատելու համար: Այսօր` սեպտեմբերի 18-ին, Էջմիածնում, լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը:

«Իմ կարծիքով, Կարեն Կարապետյանը եկել է աշխատելու, նա ոչ փողի խնդիր ունի, ոչ ցուցադրելու: Կարեն Կարապետյանը շատ հայրենասեր ա, արցախցի ա, որը շատ կարեւոր ա: Նա Արցախի հարցում ոչ մի քայլ հետ չի գնա»,- ասաց Մանվել Գրիգորյանը:

Ըստ ՀՀԿ-ական պատգմավորի` Կարեն Կարապետյանը նույնիսկ արտերկրում ապրելով շատ բան է արել Արցախի համար:

Հարցին` Կարեն Կարապետյանը կկարողանա խաղի կանոններ փոխել, գեներալը պատասխանեց. «Ինչ որ իր ֆունկցիայի մեջ ա մտնում, նա առաջին օրն առաջին նիստին էլ ասաց: Թե ինչքանով կկարողանա, հեշտ չի, բայց ինչ կարա, կփորձի անել»:

Հիշեցնենք, որ Կարեն Կարապետյանը վարչապետ է նշանակվել սեպտեմբերի 13-ին ` փոխարինելով Հովիկ Աբրահամյանին: