Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղի բնակիչները համայնքապետի ընտրություններին ընտրատեղամաս են եկել  համայնքապետի թեկնածու, «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի լուսանկարով շապիկներով:

«Ինքը լավ մարդ է: Ինքս կռվողի աղջիկ եմ, իրեն շատ սիրում եմ, պաշտում եմ ուղղակի: Ինքը բոլորիս համար է վտանգել իր կյանքը»,- NEWS.am- ի հետ զրույցում ասաց ծաղկահովիտցիներից Սիմա Պետրոսյանը:

Ընտրատեղամաս նման հանդերձանքով եկել են նաեւ ծաղկահովիտցի երեխաներ` այդ թվում Արայիկ Խանդոյանի որդին:

«Եկել ենք գոնե մեր մայկաներով ոգեւորենք ժողովրդին: Ուզում ենք ընտրվի, որ մեր կողքին լինի», - NEWS.am- ի հետ զրույցում ասաց Խանդոյանի որդին` 11-ամյա Արսենը:

«Թասիբի հարց է: Հագել եմ, որ բոլորը տեսնեն, ոգեւորվեն, իրենց մեջ արթնանա բարությունն ու ընտրեն Արայիկին»,- ասաց ծաղկահովիտցի 15-ամյա Ստեփանը:

Ծաղկահովիտում առաջադրվել է 3 թեկնածու. գործող գյուղապետ, ՀՀԿ-ական Երվանդ Խաչատրյանը, անկուսակցական Արայիկ Խանդոյանն ու անկուսակցական Նորաին Հակոբյանը: