Վանաձորում մոտ 20 օր առաջ մահացած 5-ամյա երեխայի ընտանիքն ապրում է Վանաձորի Լոռվա խճուղի կոչվող թաղամասում՝ «աղբի գարաժների» մեջ: Կարապետյանների 5 հոգանոց ընտանիքը մեկ տարի առաջ է Արարատի մարզից տեղափոխվել Վանաձոր եւ բնակություն հաստատել աղբահանության մեքենաների համար նախատեսված վայրում գտնվող տնակներից մեկում: Տնակը, որտեղ մեկ տարի  Մարիամն ու իր 4 երեխաները ապրել են, զրկված է անգամ տարրական պայմաններից: Ընտանիքը Վանաձոր է տեղափոխվել մեկ տարի առաջ՝ Արարատի մարզի Հայանիստ գյուղից. ընտանիքի հայրը գտնվում է անազատության մեջ:

NEWS.am-ի հետ զրույցում ընտանիքի մայրը՝ Մարիամ Կարապետյանը պատմել է, որ 5-ամյա երեխան դեպքի օրը տանը մենակ չի եղել՝ եղել է Մարիամի մոր հետ. « Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 31-ին, գազի վրայից ջուրը թափվելէ երեխու վրան: Մամաս ա եղել, զուգարան գնալուց ա եղել, եկել տեսել ա ջուրը թափվել ա երեխի վրա: Ես ոչ մի բան չունեմ, մնալու տեղ էլ չունեմ, դրա համար էլ ստեղ եմ ապրում երեխաներիս հետ, Հայանիստից եմ տեղափոխվել այստեղ»:

Վանաձոր բժշկական կենտրոնի «Շտապօգնության» բժիշկ Արթուր Սիմոնյանն էլ, որը սեպտեմբերի 4-ի կանչով մեկնել է Կարապետյանների տնակ եւ արձանագրել 5-ամյա երեխայի կենսաբանական մահը, NEWS.am-ին պատմել է, որ երեխայի մարմնի զննումից պարզվել է, որ նրա մարմնի ընդհանուր մակերեսի 25 տոկոսն այրված է եղել, երեխան ունեցել է 2-րդ եւ 3-րդ աստիճանի այրվածքներ:

«Սեպտեմբերի 4-ի առավոտյան 10-ի սահմանում կանչը ստացվեց, մեկնեցինք ահազանգով՝ աղբահանության մեքենաների հավաքատեղի: Մայրը նստած էր, մոր գրկին երեխան էր՝ անգիտակից, առանց ռեֆլեքսների, առանց որեւէ կենադանության նշանի: Քանի որ մայրը նշում էր, որ վերջին մի քանի րոպեում երեխան շնչում էր եւ մարմինն էլ դեռեւս տաք էր, վիճակը որպես կլինիկական մահ գրանցեցինք: Սիրտ-թոքային վերակենդանամցման միջոցների դիմեցինք, արհեստական շնչառություն եւ այլն: Երեխայի մահը վրա էր հասել ոչ թե հանկարծակի, այլ որովհետեւ երեխան այրվածքներ էր ստացել օգոստոսի 31-ին եւ նրանք բժշկի չէին դիմել, ինչն էլ բերել էր երեխայի մարմնի թունավորման, երեխայի վիճակի հյուծման: Հավանաբար, երեխան առաջնային շոկից եւս դուրս չէր եկել, խորացել էր վիճակը եւ մահը վրա էր հասել»,-պատմեց բժիշկը:

Նշենք, որ ընտանիքի մյուս երեք երեխաներին ոստիկանությունը տեղափոխել է Վանաձորի մանկատուն, ըսստ մանկատան տնօրեն Մարինե Դավթյանի՝ երեխաները մանկատուն են տեղափոխվել մարզպետարանի  միջնորդությամբ:

Երեք երեխաների վիճակը վատ է եղել. բացի նրանց մարմնի վրա եղած վնասվածքներից, փոքրիկները գտնվել են հակահիգիենիկ վիճակում:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Վանաձորում օգոստոսի 31-ին 5-ամյա երեխան մահացել է եռման ջուրը վրան լցնելու հետեւանքով: