Դավիթաշեն 2-րդ թաղամասի բնակիչները բողոքում են, որ քաղաքապետարանը գազոնի վրա կրպակ կառուցելու թույլտվություն է տվել:
«Ապրիլից ուզում էին քանդել: Մոտեցել էին, որ քանդեն տեխնիկայով, թույլ չէինք տվել, տեխնիկան հետ էինք ուղարկել: Մի քանի օրից նույնը, էլի հետ էինք ուղարկել: Բողոքել էին քաղաքապետարան, պատասխան էինք ստացել, որ օրինակական է թույլտվությունը»,- NEWS.am- ի հետ զրույցում ասաց բնակիչներից Դուխիկ Ղազարյանը՝ նշելով, որ իրենք համարում են, որ քաղաքապետարանը նման թույլտվություն տալիս հաշվի չի առել իրենց կարծիքը:
Բնակիչները պատմում են, որ գազոնը քանդել են գիշերով, հակառակ դեպքում թույլ չէին տա: Դրանից հետո կրկին բողոքել են քաղաքապետարան, ծանուցում ստացել, որ հոկտեմբեր ամսվա ընթացքում հանդիպում է կազմակերպված բնակիչների եւ կառուցապատողի միջեւ:
«Կանչելու իմաստը ո՞րն է, եթե թույլտվությունը տվել է քաղաքապետարանը, տարածքն էլ քանդվել է: Աբսուրդ ա, մենք բողոքում ենք, ինքն ասում ա՝ եկեք հանդիպման, համաձայնության եկեք»,- ասաց բնակիչը:











