Բոլոր պաշտոնյաներն էլ իրենց մեղքի բաժինն ունեն Հայաստանի անկախության տարիներին թույլ տված թերացումների հարցում։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 21-ին, Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում նշել է Հայաստանի ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք ինքն իր մեղքի բաժինը զգո՞ւմ է ՀՀ անկախության տարիներին թույլ տված թերացումների համար, ԱԺ խոսնակն ասաց. «Մենք բոլորս էլ մեր մեղքի բաժինն ունենք։ Այս տարիների ընթացքում մենք ամեն ինչ արել ենք։ Մեզանից հետո էլ մարդիկ պիտի գան եւ մտածեն, որ ամեն ինչ անեն, որ ավելի լավ լինի Հայաստանի համար»։

Պատասխանելով հարցին, թե որն է այս տարիների ընթացքում ամենամեծ ձեռքբերումը. Գալուստ Սահակյանն ասաց՝ անկախությունը։

Գալուստ Սահակյանը նաեւ հավելեց, որ ինքը տեղյակ չէ արդյոք, համաներման համար ԱԺ արտահերթ նիստ տեղի ունենալու է, թե ոչ. «Ամսի 26-ին արտահերթ նիստ է հրավիրվելու, բայց սովորական նիստ է լինելու սովորական օրինագծեր քննարկելու համար»,– ասաց նա։