Էներգետիկայի եւ բնական պաշարների նորանշանակ նախարար Աշոտ Մանուկյանն այսօր՝ սեպտեմբերի 22-ին մոտեցավ կառավարության առջեւ հավաքված նաիրիտցիներին: Գործարանի ներկա եւ նախկին աշխատակիցները նախարարին ներկայացրին իրենց պահանջները «Նաիրիտի» վերագործարկման հետ կապված:

Նաիրիտցիներից Անահիտ Մանուկյանը նախարարին ասաց, որ կա ներդրող, որը պատրաստ է 2 մլրդ դոլար տրամադրել «Նաիրիտի» վերագործարկման համար, սակայն նախկին նախարարներն այդպես էլ քայլեր չձեռնարկեցին գործարանը վերագործարկելու համար:

Աշոտ Մանուկյանին զարմացրեց նաիրիտցու ասածը. «Ես առաջին անգամ եմ լսում 2 միլիարդ դոլարի մասին: Երեխային հարցնում են՝ շոկոլադ կուզե՞ս, ասում է՝ հա, բա ո՞նց չեմ ուզի»,- ասաց նա: 

Նաիրիտցիների ճշտող հարցին՝ դա նշանակո՞ւմ է արդյոք, որ նման պարագայում հնարավոր է «Նաիրիտ» վերագործարկումը, նորանշանակ նախարարը չպատասխանեց, խնդրեց ժամանակ տալ իրեն՝ խնդրին ավելի մանրամասն ծանոթանալու համար: Նա խոստացավ առաջիկա օրերին ընդունել նաիրիտցիներին: