Մենք ապրում ենք բավական բարդ աշխարհաքաղաքական միջավայրում, բայց միեւնույն ժամանակ ռեգիոնալ համագործակցության ֆանտաստիկ հնարավորություններ ունենք, ունենք հզորությունների ավելցուկ, որը պետք է օգտագործենք: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 22-ին, ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունում, ներկայացնելով նոր նախարար Աշոտ Մանուկյանին, ասել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախկին նախարար Լեւոն Յոլյանին կատարած աշխատանքի համար եւ նշել, որ նա իր մասնագիտական կարողություններով ու փորձով կշարունակի օգտակար լինել: Ներկայացնելով նորանշանակ նախարար Աշոտ Մանուկյանին՝ Կարեն Կարապետյանն ասել է, որ նա հմուտ կառավարիչ է եւ լավատեղյակ է ոլորտին: Ընդգծելով, որ էներգետիկ համակարգը մեր երկրի ամենակայացած համակարգերից է եւ անդրադառնալով նախարարության առջեւ դրված խնդիրներին՝ վարչապետը նշել է, որ ակնկալում է նոր հայեցակարգ, որը տարածաշրջանային ակտիվ համագործակցություն կապահովի էներգետիկ շուկայում:
«Մենք ապրում ենք բավական բարդ աշխարհաքաղաքական միջավայրում, բայց միեւնույն ժամանակ ռեգիոնալ համագործակցության ֆանտաստիկ հնարավորություններ ունենք, ունենք հզորությունների ավելցուկ, որը պետք է օգտագործենք: Ակնկալում եմ նաեւ, որ ակտիվ մասնակցեք նոր սակագների մեթոդաբանության ձեւավորմանը: Գուցե մենք տնտեսագիտորեն որոշակի քայլերի գնանք, որոնք շատ մարդիկ չհասկանան, չընդունեն, բայց մենք սոցիալապես անապահով խավի կողքին կանգնելու խնդիր ունենք, մեր սակագնային քաղաքականությամբ որոշակի բիզնես ուղղությունների ոգեւորելու եւ աջակցելու խնդիր ունենք, որոնք կարող են զարգանալ, տալ հավելյալ արժեք եւ միեւնույն ժամանակ ընդլայնել մեր շուկաները»:
Կառավարության ղեկավարն առանձնահատուկ ուշադրություն է հրավիրել նաեւ ԲԷՑ-ի կառավարման համակարգի վրա՝ շեշտադրելով, որ այնտեղ անհրաժեշտ են որակապես նոր փոփոխություններ՝ ուղղված աշխատանքի արդյունավետության բարձրացմանը:
(1).jpg)











