Մենք պետք է հանրությանը, ներդրողին, գործարարին հայտարարենք եւ ամեն ինչով ապացուցենք, որ իր կողքին կանգնած ենք: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 28-ին, Էկոնոմիկայի նախարարությունում նորանշանակ նախարար Սուրեն Կարայանին ներկայացնելիս նշել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Արծվիկ Մինասյանին կատարած աշխատանքի համար: Վարչապետը նշել է, որ մեծապես կարեւորում է այս նախարարության աշխատանքը եւ պարոն Կարայանից ու աշխատակազմից ակնկալում է կառուցվածքային նոր լուծումներ եւ առաջարկություններ:
«Մենք պետք է հանրությանը, ներդրողին, գործարարին հայտարարենք եւ ամեն ինչով ապացուցենք, որ իր կողքին կանգնած ենք: Մենք պետք է վերանայենք այն օրենսդրական նորմատիվ դաշտը, որը ձեւավորում է բիզնես միջավայրը: Եթե այնտեղ առկա են խոչընդոտներ, պետք է վերացնենք: Պետք է ստեղծել այնպիսի դաշտ, որպեսզի արտասահմանից ներդրողը գա եւ իրեն զգա ապահով ու արդարացի միջավայրում: Ձեզնից ակնկալում եմ նաեւ նոր նախագծեր, որոնք կկարողանանք տրամադրել արտաքին աշխարհին»,- ասել է Կարեն Կարապետյանը՝ ավելացնելով, որ այս նախարարությունը պետք է իր կառավարման որակով օրինակ ծառայի բիզնեսին, ներկայացնի ժամանակակից կառավարման ձեւերը:
Կառավարության ղեկավարը կարեւորել է նաեւ նախարարության ու բանկային համակարգի սերտ համագործակցությունը եւ ընդգծել. «Պետք է հասկանալ, ինչ ենք ուզում անել մեր երկրում, ինչպես ենք ցանկանում զարգանալ եւ այդ նպատակին հասնելու համար ինչ դաշտ պետք է ստեղծենք, որպեսզի բիզնեսն իրեն լավ զգա: Մենք պետք է ստեղծենք արդարացի, հավասար պայմաններ, պետք է կանգնած լինենք այն մարդու կողքին, ով ունի գաղափար, ուժ եւ համարձակություն՝ ստեղծելու հավելյալ արժեք: Նա պետք է իմանա, որ մենք իր կողքին ենք բոլոր ատյաններում՝ հարկային, իրավապահ եւ այլն: Հենց դա ապահովենք՝ կունենանք երկրի զարգացում. այլ տարբերակ չունենք: Այդ առումով ակնկալում եմ նպատակասլաց ու համարձակ աշխատանք»:
.jpg)











