Խստորեն պետք է նայել բնապահպանության ոլորտում այսօրվա կառուցվածքին, ՊՈԱԿ-ներին, աշխատակազմին եւ գնալ յուրաքանչյուր լումայի հետեւից: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 28-ին, ՀՀ բնապահպանության նախարարությունում նորանշանակ նախարար Արծվիկ Մինասյանին ներկայացնելիս նշել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Վարչապետ Կարեն Կարապետյանը Արծվիկ Մինասյանին մաղթել է հաջողություններ, արդյունավետ աշխատանք, իսկ նախկին նախարար Արամայիս Գրիգորյանին շնորհակալություն հայտնել կատարած աշխատանքի համար: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ բնապահպանության նախարարությունից եւ անձնակազմից ակնկալում է նոր թափ եւ նոր ուղղություններ, արդյունավետ համագործակցություն միջազգային հիմնադրամների հետ, ինչը թույլ կտա ներգրավել ֆինանսական միջոցներ, նոր մշակույթ եւ նոր չափորոշիչներ: «Խստորեն պետք է նայել նաեւ այսօրվա կառուցվածքին, ՊՈԱԿ-ներին, աշխատակազմին եւ գնալ յուրաքանչյուր լումայի հետեւից: Պետք է հասկանանք, թե այս լուման ինչ նպատակի է ծառայում եւ այդ նպատակը կատարվում է, թե ոչ»,- նշել է Կարեն Կարապետյանը:

Վարչապետն անհրաժեշտ է համարել բնապահպանության ոլորտում տրամաբանական առեւտրայնացումը եւ կարեւորել էկոտուրիզմի զարգացումը, որը մեր զբոսաշրջության գրավիչ ճյուղերից մեկն է: Գործադիրի ղեկավարի խոսքով՝ աշխատանքները պետք է իրականացնել արագ եւ արդյունավետ: