«Սասնա ծռեր» խմբի անդամներին օժանդակելու մեղադրանքով կալանավորված Մհեր Մազմանյանն ու Սուրեն Պետրոսյանն այսօր` սեպտեմբերի 28-ին, ազատ արձակվեցին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից:

NEWS.am-ի հետ զրույցում Մհեր Մազմանյանը նշեց, որ իրեն առաջադրված մեղադրանքի հետ ինքը որեւէ կապ չունի. «Ես ընդհանրապես առնչություն չունեմ ինձ առաջադրված մեղադրանքի հետ»:

Մհեր Մազմանյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ կարծում է, որ իր պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդումն առաջիկայում եւս  կդադարեցվի:

«ՀՔԾ-ն հերթականությամբ ուսումնասիրում է բոլոր օժանդակողների գործերը եւ եթե չկան ապացույցներ, որ տվյալ անձինք որեւէ առչնություն ունեն եւ ձերբակալվել եւ հետագայում էլ կալանավորվել են միայն այն պատճառով, որ հեռախոսազրույց են ունեցել «Սասնա ծռերի» անդամների հետ, ազատ են արձակվում: Կոնկրետ իմ պաշտպանյալը այլ անձի հետ հեռախոսային խոսակցության մեջ դժգոհություն է հայտնել որոշ պաշտոնատար անձանց նկատմամբ, որի հետեւանքով կալանավորել էին: Մազմանյանի դեպքում դատարանում վարույթ ունենք, քննարկում ենք, թե նրա երեխաներին պետական բյուջեից հատուցում տալու են, թե ոչ, այսինքն` ձգձգելով պետական բյուջեից ավելի մեծ պարտավորություններ էին առաջանում Մազմանյանի ընտանիքի նկատմամբ, եւ ՀՔԾ-ն արագ կարգով քննեց գործը: Իմ կարծիքով, օրերս կրկին ազատումներ կլինեն, որովհետեւ ստուգելով գործերը, պարզվում է, որ որեւէ առնչություն չունեն»,-ասաց նա: