Կենդանիների պաշտպանությամբ զբաղվող «Դինգո» թիմի անդամները եւ մի խումբ կենդանասերներ այսօր՝ սեպտեմբերի 29-ին, հավաքվել են Կառավարության դիմաց եւ պահանջում են մշակել կենդանիների պաշտպանության մասին օրենքը (ֆոտոռեպորտաժ):
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ կենդանասերները պահանջում են նաեւ գումար չտրամադրել Երեւանում կենդանիների վնասազերծմամբ եւ ստերիլիզացմամբ զբաղվող «Յունիգրաֆ-Իքս» ՍՊԸ-ին, որը ամեն տարի հաղթում է քաղաքապետարանի հայտարարած մրցույթներին:
«Պահանջում ենք, որ տարեկան ահռելի գումարներ չտրամադրվեն «Յունիգրաֆ Իքսին», որը բառիս բուն իմաստով զբաղվում է կենդանիներին ոչնչացնելով եւ տանջամահ անելով: Պահանջում ենք նաեւ, որ թափառող շներին սպանելու փոխարեն ստերջացնեն»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Դինգո» թիմի կոորդինատոր Գոհար Մանուշակյանը:
Կենդանասերները Կառավարության դիմաց իրենց հետ բերել են իրենց կենդանիներին եւ «Դադարեցրեք շների սպանդը», «Կենդանիները նույնպես իրավունքներ ունեն» գրությամբ պաստառներ:











