Ամերիաբանկը, Menu.am ընկերության առաջարկի հիման վրա մշակել է օնլայն վճարումների նոր համակարգ:

Ամերիաբանկից NEWS.am-ին հայտնում են, որ այս համակարգի յուրահատկությունն այն է, որ ինտերնետ միջավայրում գնումներ կատարելու համար  հաճախորդը տվյալ  կայքում լրացնում է իր քարտային տվյալներն ընդամենը մեկ անգամ, եւ այլեւս տվյալ կայքից գնում կատարելիս  քարտային տվյալների մուտքագրման անհրաժեշտություն չի լինում: Առաջարկելով այս լուծումը` Ամերիաբանկն ապահովել է հաճախորդների տվյալների պահպանման անվտանգության բարձր մակարդակ, մասնավորապես` հաճախորդի վճարային քարտի տվյալները պահպանվում են միայն կենտրոնացված պրոցեսինգային կենտրոնում, եւ անվտանգությունն ապահովվում է Master Card Secure Code եւ VISA Verified by Visa (VbV) տեխնոլոգիաներով:

Առցանց վճարումների ընդունման այս հնարավորությունն էապես կնպաստի բոլոր այն բիզնեսների զարգացմանը, որոնք իրենց ապագան տեսնում են օնլայն տիրույթում եւ պատրաստ են դուրս գալ միջազգային  շուկաներ:

Վճարման նոր համակարգի վերաբերյալ մանրամասները ներկայացված են տեսահոլովակում: