Rosetta («Ռոզետա») տիեզերական սարքը, որը երկու տարվա ընթացքում ուսումնասիրել է Չուրյումով-Գերասիմենկոյի գիսաստղին, ուղղորդվել է նրա հետ բախման, հայտնում է Եվրոպական տիեզերական գործակալության  (ԵՏԳ) կայքը, տեղեկացնում է ՄԻՌ  24-ը: 

Ներկայումս Rosetta-ն մոտենում է գիսաստղին: Այն վերահսկվող վայրէջք կկատարի հետազոտվող երկնային մարմնի մակերեւույթին, ինչից հետո  «կդադարեցնի իր կենսական ցիկլը»: Դա տեղի կունենա միջին եվրոպական ժամանակով մոտ 13:20-ին: Միաժամանակ առաքելությունը փաստացիորեն ավարտված չէ. գիտնականները դեռեւս մի քանի տարի կուսումնասիրեն սարքի ստացած տվյալները: 

Rosetta-ի գործարկումը տեղի է ունեցել  2004 թվականի մարտի 2-ին` Կուրույի տիեզերակայանից: Առաքելությունն իր   անվանումը ստացել է Ռոզետյան քարից: Հենց դրա շնորհիվ է Ժան-Ֆրանսուա Շամպոլիոնը XIX դարում կարողացել վերծանել հինեգիպտական հիերոգլիֆները: Գիտնականները հույս ունեին սարքի օգնությամբ պարզել, թե ինչ տեսք ուներ Արեւային համակարգը, մինչեւ մոլորակների ձեւավորումը: 

«Ռոզետայի» ուղեւորությունը 10 տարի է տեւել, այն 6,4 մլրդ կմ հեռավորություն է հաղթահարել:

Նախագծին հրաժեշտ տալով` ԵՏԳ-ն հատուկ մուլտֆիլմ է պատրաստել, որը կպատմի առաքելության պատմության եւ նրա ձեռքբերումների մասին: