Գյումրիում տեղակայված 34/04 տեղամասում քվեարկեց ՀԱԿ համամասնական ընտրացուցակի առաջին հորիզոնականը զբաղեցնող Սյուզի (Եպրաքսյա) Մեխակյանը: Նա իր քաղաքացիական պարտքը կատարելու էր եկել ամուսնու եւ որդու հետ:

Անդրադառնալով ընտրությունների ընթացքին եւ քաղաքացիների մասնակցությանը՝ թեկնածուն նշեց, որ արդեն տեղեկությունի ունի ընտրախախտումների մասին:

«Խախտումներ կան արձանագրված, օրինակ՝ «Գյումրեցու ոգին», հանրապետականը մտնում են, ցուցակներ են բերում, հաշվարկներ անում՝ ով է եկել, ով չի եկել, կուտակումներ կան մարդկանց, բերում են, ուղղորդում են, բայց դա իշխանական թեւերից են անում»,- լրագրողների հետ զրույցում ասաց Սյուզի Մեխակյանը:

ՀԱԿ թեկնածուն իր ընտրվելու հնարավորությունները բարձր է գնահատում, համոզված է, որ գյումրեցին արդար ընտրություն կկատարի:

«Ես իմ ընտրվելու շանսերը բարձր եմ գնահատում, կեղծվելու դեպքում բոլոր օրինական քայլերին կդիմենք, որպեսզի արդարություն լինի: Իշխանություններն ամեն գնով փորձում են պահել իրենց աթոռները, իսկ ժողովուրդը պետք է պայքարի իր իրավունքների համար»,- ասաց Սյուզի Մեխակյանը:

«Գյումրեցիներին մաղթում եմ, որ կատարեն իրենց ազատ, անկախ ընտրությունը, ամեն դեպքում՝ բարձր տրամադրությամբ ընտրեն այն ուժին, որին ուզում են, թող գնան եւ իրենց քաղաքացիական պարտքը կատարեն, եւ ընտրեն այն մարդուն, ում ուզում են տեսնել քաղաքապետ»,- ասաց Սյուզի Մեխակյանը։