«Արարատ Նյուզ» կայքի լրագրող Շողիկ Գալստյանը, որի բջջային հեռախոսն այսօր կոտրել էին Վանաձորի ընտրատեղամասերից մեկի մոտ, ոստիկանությունում հաղորդում է տվել այդ մասին: Շողիկ Գալստյանը NEWS.am-ի հետ զրույցում պատմեց, որ նկարահանում էր ընտրատեղամասի մոտ մի կնոջ առաջացրած կուտակումը, երբ նա մոտեցել է իրեն, վերցրել հեռախոսն ու կոտրել:

«Այդ կինն առավոտյան ժամը 9-ից ընտրատեղամասում էր, փորձում էր ուղղորդել ընտրողներին: Մի պապիկի բերեց ընտրության, օգնեց, որ ընտրի, իսկ երբ ցանկացա զրուցել այդ պապիկի հետ, թույլ չտվեց, հեռացրեց նրան: Հետո անընդհատ վեճի ձայներ էի լսում դրսից, որոնց հեղինակը նույն կինն էր: Երկու ժամ հետո դուրս եկա, տեսա, որ նա նաեւ ինչ-որ կուտակումների հեղինակ է. մարդիկ էին հավաքված ինչ-որ մեքենայի մոտ: Երբ նկարում էի, այդ կինը վազելով եկավ, ճանկեց ինձ, իսկ հեռախոսը խլեց ձեռքիցս ու կոտրեց»,- պատմեց լրագրողը` նշելով, որ այդ ամենը կատարվել է ոստիկանների աչքի առջեւ:

Մինչեւ այդ էլ, ըստ Շողիկ Գալստյանի, այդ եւ մեկ այլ կին իրեն հորդորել են չնկարել՝ հայտարարելով, որ «եթե իմանաս՝ ում ես նկարում, չես նկարի»:

Հիշեցնենք, որ թիվ 30/47 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Լիլիթ Ղաբուզյանը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, մեր թղթակցին ասել էր, որ վերոնշյալ կինը Հանրապետական կուսակցության վստահված անձ Ռոման Ավագյանի մայրն է: