ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` հոկտեմբերի 3-ին, նախագահի աշխատակազմի ղեկավար կազմին ներկայացրել է աշխատակազմի նորանշանակ ղեկավար Արմեն Գեւորգյանին եւ տեղեկացրել Վիգեն Սարգսյանին նոր պաշտոնում նշանակելու մասին:
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել Վիգեն Սարգսյանին արդեն նախկին պաշտոնում կատարած աշխատանքի համար եւ անկեղծորեն ուզում եմ ասել, որ այդ պաշտոնում դրսեւորվել են Վիգեն Սարգսյանի կազմակերպչական ունակությունները, դրսեւորվել են լավագույն տեսակետից եւ որեւէ մեկը չի կարող ժխտել, որ այդ լավագույն դրսեւորումը եղել է ձեր բոլորի անմիջական օգնությամբ ու մասնակցությամբ»,- ասել է նախագահ Սերժ Սարգսյանը:
Նախագահը բարձր է գնահատել նաեւ Վիգեն Սարգսյանի աշխատանքը անցած տարիներին համապետական նշանակության մի շարք կարեւոր միջոցառումների համակարգողի պաշտոնում եւ վստահություն հայտնել, որ Պաշտպանության նախարարի պաշտոնում եւս նա կարողանալու է արդարացնել բոլորի վստահությունը: «Վիգե՛ն, մեկ անգամ եւս շնորհավորում եմ եւ հաջողություն եմ մաղթում: Ավելորդ է ասել, որ քո աշխատանքի արդյունքներով են նաեւ պայմանավորված լինելու մեր երկրի առաջընթացը եւ, իհարկե, պաշտպանունակության հետագա ամրապնդումը»,-ասել է Հանրապետության նախագահը:
Նախագահի աշխատակազմի նոր ղեկավարի նշանակման կապակցությամբ Հանրապետության նախագահը նշել է, որ Արմեն Գեւորգյանը ինչպես նախկին պաշտոնում, նոր աշխատանքում եւս, վստահաբար, կդրսեւորի իր կամային հատկանիշները: «Արմեն Գեւորգյանը կարողանալու է մի աստիճան եւս բարձրացնել այն հնարավորությունները, որն ունի այստեղ հավաքված կոլեկտիվը եւ ընդհանրապես, մեր պետությունը: Արմե՛ն, շնորհավորում եմ եւ հաջողություններ եմ մաղթում»,-ասել է նախագահը:
Վիգեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Հանրապետության նախագահին՝ իր գործունեության վերջին հինգ տարիներին աշխատակազմի աշխատանքի կազմակերպման եւ համակարգման գործում ցուցաբերած մեծ վստահության համար: Նա նշել է, որ աշխատակազմի արհեստավարժ եւ նվիրված գործընկերների՝ միասնական թիմի հետ անցած տարիներին բավականին աշխատանք է իրականացվել: «Կարողացել ենք այս տարիներին համակարգել եւ կանոնակարգել, որոշ դեպքերում նույնիսկ ավտոմատացնել կառավարման այն գործընթացները, որոնք կապված են Հանրապետության Նախագահի գործառույթների իրականացման հետ՝ լինեն դրանք քաղաքացիության խնդիրներ, կադրերի կառավարման խնդիրներ, թե հարցեր, որ վերաբերում են արտաքին այցերի կազմակերպմանը կամ պատվիրակությունների ընդունելությանը:
Ձեր որոշմամբ այս աշխատակազմ վերադառնում է պարոն Գեւորգյանը, որի ժամանակ իրականում մեծ հիմք է դրվել այն աշխատանքի, որ հնարավոր եղավ իրականացնել, որովհետեւ թիմի մեծ մասը, այնուամենայնիվ, պահպանված է, ինչպես եւ պետք է լինի քաղծառայության մեջ: Իրոք, կարծում եմ, որ սա փայլուն դրսեւորում է նրա, թե ինչպես քաղծառայության ընձեռած երաշխիքները կարող են համադրվել քաղաքական այն նվիրվածության հետ աշխատակազմում, որը միշտ պետք է դրսեւորվի բոլոր ներկաների կողմից: Եվ թեեւ այստեղ կա հայեցողական պաշտոնյաների ու քաղծառայողների մեծ խումբ, մենք միշտ աշխատել ենք որպես մեկ թիմ՝ մեկ նպատակի ծառայելով»,-նշել է ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Վիգեն Սարգսյանը:
Աշխատակազմի նորանշանակ ղեկավար Արմեն Գեւորգյանը եւս շնորհակալություն է հայտնել Հանրապետության նախագահին վստահության համար եւ հավաստիացրել, որ լիովին գիտակցում է առաջիկա անելիքների եւ՛ կարեւորությունը, եւ՛ նշանակությունը մեր պետության զարգացման, առաջընթացի, կայունության համար, որովհետեւ բավականին պատասխանատու ժամանակահատված ենք թեւակոխում: «Վստահեցնում եմ, որ ինձնից կախված ամեն ինչ անելու եմ, որպեսզի այս ինստիտուտի դերն ու նշանակությունը միշտ բարձր լինի, եւ բոլորը դա զգան: Ուզում եմ նաեւ, Ձեր թույլտվությամբ, վստահեցնել պարոն Վիգեն Սարգսյանին, որ մենք ամեն ինչ կանենք, որպեսզի ինքն արդեն նոր տեղում մեր աջակցությունն ու օժանդակությունն ամենօրյա ռեժիմում զգա: Ուզում եմ շնորհակալություն հայտնել նաեւ այսօր այստեղ ներկա գտնվող իմ գործընկերներին, որ այսքան տարիների ընթացքում բավականին բարձր մակարդակով եւ որակով աշխատանք են կատարել: Հուսով եմ, որ մենք համատեղ այդ ամենը կշարունակենք՝ բոլոր բարի ավանդույթները պահպանելով: Եվ ինչպես Դուք նշեցիք, պարոն նախագահ, կփորձենք ամեն ինչ անել եւս մեկ աստիճան այդ ամենը բարձրացնելու եւ Ձեր վստահությունն արդարացնելու համար: Շնորհակալ եմ եւ հուսով եմ, որ բոլորս միասին դեռ բավականին հետաքրքիր եւ արդյունավետ ճանապարհ ունենք անցնելու»,-ասել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանը:












