«Համախմբում» կուսակցությունը նախօրեին կայացած ընտրություններին նայում էր որպես փորձաշրջան, մեծ ակնկալիքներ չուներ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 3-ին, Ազգային ժողովում հայտարարել է կուսակցության անդամ, պատգամավոր Ստեփան Մարգարյանը:
«Մենք այս ընտրություններին նայում էինք որպես փոփոխության շրջանի նման մի բան 2017 թվականի ընտրություններից առաջ: Մենք չէինք ակնկալում, որ չգիտեմ ինչ արդյունքներ էին լինելու: Մեր եղած արդյունքները վատ չեն հատկապես Գյումրիում, քանի որ մենք երկու ամիս առաջ էինք ստացել մեր վկայականը»,-ասաց Ստեփան Մարգարյանը:
Նրա խոսքով, Վանաձորում «Համախմբումի» արդյունքները վատ էին, քանի որ ավելի ուշ որոշում կայացվեց՝ մասնակցելու ընտրություններին: Բայց Գյումրիի դեպքում մեկ ամսվա կուսակցության համար այդ արդյունքը բավական շոշափելի է:
Մարգարյանը նշեց, որ անպայման մասնակցելու են 2017-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին:
Ստեփան Մարգարյանը նշեց, որ այս ՏԻՄ ընտրություններում իրենք համատարած նկատեցին «կարուսել» կոչված խախտման տեսակը: «Սա խիստ վտանգավոր է դառնում ռեյտինգային քվեարկություն կոչվածի պարագայում: Ընտրությունները քաղաքականացնելը խոշոր քաղաքներում մեր թիմը համարում է նորմալ, որովհետեւ ի վերջո քաղաքական կուսակցությունը պետք է լինի պատասխանատու, ոչ թե անձը, բայց դա, ցավոք սրտի, դա միայն օրենքով եղավ, գնացին մեկ անձի հետեւից, ինչպես նախորդ ընտրական համակարգում էր: Գովերգվում էր անձը, ոչ թե կուսակցությունը: Սրանով, ցավոք սրտի, այս ընտրությունները չհամապատասխանեցին օրենքի փիլիսոփայությանը, այն է՝ չդարձան քաղաքական ընտրություններ»,- ասաց նա:
Ստեփան Մարգարյանի խոսքով՝ 2017 խորհրդարանական ընտրություններում այդ երեւույթը նկատվելու է ռեյտինգային քվեարկության ժամանակ, ռեյտինգային քվեարկությունները լինելու են շատ ավելի անձնավորված, ավելի թաղային ու ավելի խնամիա-բարեկամական կապերով, քան այս ՏԻՄ ընտրություններն էին. «Եվ այդ ընտրություններն իրենց բնույթով լինելու են բացարձակ ապաքաղաքական, ինչն արդեն վտանգավոր է երկրի համար»:
ՀՀԿ-ի հաղթանակը այս ընտրություններում Ստեփան Մարգարյանը պայմանավորեց նրանով, որ որոշ կուսակցություններ պայքարում էին ոչ թե իշխանությունների, այլ հենց ընդդիմադիրների դեմ: «Երբ ընդդիմադիրները չեն համախմբվում, այդ դեպքում շատ ավելի գործող է դառնում կարուսելը: Համախմբումը լինում է որոշակի հայտարարված ծրագրերի, գաղափարների շուրջ, ցանկացած անձի շուրջ համախմբումը դատապարտված է պարզապես»,- նշեց նա:
Ստեփան Մարգարյանը միաժամանակ ասաց, որ իրենք այդ ուղղությամբ աշխատանք են տարել, բայց արդյունք չի եղել:
Անդրադառնալով հարցին, ընտրություններին ընտրակաշառք բաժանվե՞լ է, հատկապես, որ ԲՀԿ-ն ժամանակին բաժանում էր, Ստեփան Մարգարյանը պատասխանեց, որ ընտրություններից առաջ այն ժամանակ ԲՀԿ-ն բարեգործական ակցիաներ էր անում: «Դա արվել է ոչ քարոզարշավի ժամանակ, դա օրենքի խախտում չի եղել այն ժամանակ: Եթե որեւէ մեկը արել է, ես ասում եմ՝ երեւույթը վատն է, ես չեմ ասում՝ եթե որեւէ մեկը արել է, դա լավ է»,- հավելեց նա:
Նշենք, որ «Համախմբում» կուսակցությունը ոչ Վանաձորում, ոչ Գյումրիում չի հաղթահարել 6 տոկոսանոց շեմը եւ ներկայացված չի լինի այդ քաղաքների ավագանիներում:











