Ծննդկան Մերի Մարգարյանի եւ նորածնի մահվան գործով այսօր` հոկտեմբերի 4-ին, ցուցմունք տվեց ծննդկանի մայրը:

Ըստ Մերի Մարգարյանի մոր` Թերեզա Ստեփանյանի, դուստրը չորս օր շարունակ բարձր ջերմություն է ունեցել, իսկ ամբաստանյալ Շուշանիկ Բախշյանը ոչինչ չի արել:

«Իմ աղջկան ուղղակի սպանեց իր հանցավոր ինքնավստահությամբ Շուշանիկ Բախշյանը: Ինքը գիտակ չէր, ընդամենը վեց ամիս գինեկոլոգիայի կուրսեր է անցել, պաթոլոգիայից ոչինչ չի հասկացել, այդ պատճառով էլ իմ աղջկան սպանեց հինգ օրում»,- Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում ասաց Մարգարյանի մայրը` նշելով, որ Բախշյանի կրթության մասին իրենք իմացել են միայն դեպքից հետո:

Թերեզա Ստեփանյանը պատմեց, որ 2015թ. հուլիսի 23-ին Մերին զանգել է իրեն ու հայտնել, որ ջերմություն ունի: Մայրը հորդորել է անմիջապես դիմել Շուշանիկ Բախշյանին, որի մոտ դուստրը գրանցված է եղել: Մերին զանգել է, մոր խոսքով, բժշկուհին հորդորել է պարացետամոլ խմել, շատ հեղուկ: Միայն հուլիսի 24-ին շատ պնդելուց հետո Բախշյանը համաձայնվել է ընդունել ծննդկանին.《Մենք 10-12 հոգով գնացել ենք, մի կերպ գտել եմ Շուշանիկ Բախշյանին, նա հիվանդասենյակներից մեկում քնած էր: Եկավ ու Մերիին ասաց, որ հանգստացիր, քեզ հավաքիր, այնուհետեւ պտղի սրտի բաբախը լսեցին, ճնշումը չափեցին, մատից արյուն վերցրին, որից հետո Բախշյանը հայտարարեց, թե վիրուս է, գինեկոլոգիական խնդիր չկա, կգնաս տուն պարացետամոլ կխմես, հեղուկ: Մենք այսպես վերադարձել ենք տուն》:

Նույն պատկերն է եղել նաեւ հուլիսի 25-ին, այս անգամ սակայն Թերեզա Ստեփանյանի պատմելով`  միայն բուժքույրն է եղել, բժշկուհին, որը հետագայում պարզվեց` Անի Բաբելյանն է եղել, հրաժարվել է գալ ու զննել Մերիին: Մոր խոսքով, Մերիին հոսպիտալացրել են միայն հուլիսի 26-ին, երբ ընտանիքի անդամները շատ են պնդել:

«Մերիի վիճակն արդեն վատ էր, գիշերը ջերմությունն իջել էր մինչեւ 35,1 աստիճան, իսկ հերթապահ բժիշկ Տիգրան Սարգսյանն էլ հորդորել է թեյ տալ կամ թեյի բաժակը տալ Մերիի ձեռքը, որ տաքանա մի քիչ: Ժամը 05:00-ի սահմաններում Մերիիս վիճակը շատ էր վատացել, ես զանգեցի փեսայիս, ամուսնուս կանչեցի, դրանից երկու ժամ անց միայն Շուշանիկ Բախշյանի զանգով Տիգրան Սարգսյանը կատետր միացրեց, իսկ բժշկուհին էլ եկավ ժամը 9-ին, տեսավ Մերիին ու գնաց իր կոնսուլտացիաներին»,- պատմեց մահացած կնոջ մայրը:

Թերեզա Ստեփանյանի խոսքով` այնուհետեւ Շուշանիկ Բախշյանը ժամը 12:00-ի սահմաններում Մերի Մարգարյանին տեղափոխեց վերակենդանացման բաժանմունք եղբոր` Մարտին Մարգարյանի պահանջով, իսկ մորն ու Մերիի սկեսուրին ու սկեսրայրին` միս խաշելու եւ բրոկոլի բերելու:

«Հիմա եմ հասկանում, որ մեզ ուղարկեց, որ իր գրագրությունն անի, որովհետեւ Մերիի վիճակը շատ վատ էր, իսկ ինքն ուղարկում էր միս ու բրոկոլի բերելու»,- ասաց տիկին Թերեզան:

Վերջում Մերի Մարգարյանի մայրը դատարանին խնդրեց ամենայն խստությամբ պատժել Շուշանիկ Բախշյանին, քանի որ նա է պատասխանատու Մերի Մարգարյանի եւ նորածնի մահվան համար:

«Շուշանիկ Բախշյանը հինգ օր կարող էր աղջկաս եւ թոռանս փրկել, սակայն նա ոչինչ չարեց»,- հավելեց նա:

Հիշեցնենք, որ անցած տարվա հուլիսի 29-ին մահացած Մերի Մարգարյանի եւ նորածնի մահվան մեջ մեղադրվում են «Շենգավիթ» բժշկական կենտրոնի բժշկուհիներ Շուշանիկ Բախշյանն ու Անի Բաբելյանը: