Երեւանկ Էրեբունի թանգարանի մոտից այսօր` հոկտեմբերի 4-ին, մի խումբ քաղաքացիներ երթով շարժվեցին դեպի «Նուբարաշեն» ՔԿՀ` ուտելիք տանելու «Սասնա ծռեր» խմբին սնունդ տարած Արթուր Սարգսյանին:

«Սա մեր խղճի պարտքն է: Արթուրը լուռ իր խղճի պարտքը կատարեց, իր կյանքը վտանգելով հաց տարավ հասցրեց: Արթուրը հանցագործ չի, խղճի բանտարկյալ է»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Հաց ենք տանում հաց բերողին» խորագրով ակցիայի կազմակերպիչ Դավիթ Սանասարյանը:

Նա հիշեցրեց, որ այն ժամանակ իրենք դիմել էին տարբեր կառույցների` այդ թվում Կարմիր խաչին,«Սասնա ծռերին» սնունդ հասցնելու հարցով, սակայն հաջողության չէին հասել:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ երթին մասնակցում է նաեւ Արթուր Սարգսյանի հայրը` Ռոբերտ Սարգսյանը:

Հիշեցնենք, որ սկզբում Արթուր Սարգսյանը մեղադրվում էր զինված խմբի կազմում նախնական համաձայնության շրջանակներում հուլիսի 17-ին ՊՊԾ գնդի տարածք մտնելու մեջ: Հետագայում նրա մեղադրանքը փոխվեց: Նա այժմ մեղադրվում է «Սասնա ծռերին» օժանդակելու մեջ: