Ժողովուրդը ՏԻՄ ընտրություններում ոչ թե գաղափարական ծրագրերի օգտին է քվեարկում, այլ ազդեցիկ մարդու, որից հիմնականում ստացած է լինում կամ փող կամ ազդեցություն կամ այլ ծառայություն: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 4-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Լեւոն Զուրաբյանն՝ անդրադառնալով Վանաձորի եւ Գյումրիի ընտրություններում ՀԱԿ-ի պարտությանը:

«Բնականաբար, նման գործընթացի մեջ երբեք ցանկություն չենք հայտնել մտնել: Մենք քաղաքական, գաղափարական կուսակցություն ենք եւ ընտրողին կարող ենք առաջարկել միայն գաղափարներ եւ ծրագրեր, այս անգամ որոշում ընդունվեց մտնելու ՏԻՄ ընտրապայքարի մեջ միայն մեկ պատճառով, որ առաջին անգամ Վանաձորում եւ Գյումրիում ընտրությունները պետք է անցնեին կուսակցական կարգով: Տպավորություն ունեինք, որ մենք կարող ենք ընտրակաշառքի փողի հարթությունից անցնել դեպի գաղափարական հարթություն, ինչը չստացվեց: Մեզ հաջողվել է քաղաքականացնել խորհրդարանական, նախագահական ընտրությունները, սահմանադրական հանրաքվեն»,-ասաց Լեւոն Զուրաբյանը:

Նա հայտարարեց, որ իրենք վերանայելու են իրենց ռեսուրսային հնարավորությունները. «Կարող եմ ամենայն պատասխանատվությամբ ասել, որ Գյումրիում եւ Վանաձորում գաղափարական քվեարկություն ընդհանրապես չի եղել: Բոլոր նրանք, որոնք գործել են գաղափարական դաշտում, ռեալ արդյունքի չեն հասել»:

Ընդդիմադիր  պատգամավորը շեշտել է, որ գաղափարական քաղաքական պայքար են տարել ՀԱԿ-ը, ԳԱԼԱ-ն, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը:

«Այս ընտրությունները կրել են խայտառակ, կլանային բնույթ:  Պատկերացնում եք՝  կուսակցությունն իր նախընտրական արշավում շեբեն փռի, կամ վերանորոգի տանիք»,-ասել է Զուրաբյանը:

Պատգամավորական մանդատները վայր դնելու, ՀԱԿ վարչության կազմը փոխելու անհրաժեշտությանն անդրադառնալով նա նշել է, եթե իրենք նման քայլի գնան, կնշանակի  լեգիտիմացնում են անօրինական ընտրությունները եւ ընդունում, որ իրենց սխալների պատճառով են ցածր տոկոս արձանագրել:

«Մենք, անկախ ընտրությունների արդյունքից, պլանավորել էինք, որ մեր հերթական համագումարը անցկացնելու ենք նոյեմբերին, ես պետք է ասեմ, որ այդ համագումարի գլխավոր թեմաներից մեկը կլինի կուսակցության ռեֆորմացիան: Մենք գիտենք, որ մեր այսօրվա կազմակերպական,  ռեսուրսային վիճակը չի համապատասխանում ընտրությունների այն ապօրինի բնույթին, որն այսօր տեղի է ունենում: Մենք պետք է վերանայենք մեր կազմակերպական եւ ռեսուրսային հնարավորությունները, որ կարողանանք այս գործընթացների դեմն առնել»:

Նշենք, որ ՀԱԿ-ը Վանաձորում եւ Գյումրիում հավաքել է 1-2 տոկոս: