Ազգային ժողովի ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը պնդում է, որ նախօրեին ընդամենը քաշքշուկ է եղել, ոչ թե ծեծկռտուք:

«Պետք չէ ուռճացնել, եղել են քաշքշուկներ` Հայ ավետարանական եկեղեցու հոգեւորականի` իրենց եկեղեցու հավատացյալներին ընտրակաշառք բաժանելու հետ կապված: Այսքանը»,- այսօր` հոկտեմբերի 5-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Բիշարյանը` անդրադառնալով Վանաձորում իրենց թեկնածու Արկադի Փելեշյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպին:

Խմբակցության ղեկավարը հորդորեց չուռճացնել տեղի ունեցածը:

Նշենք, որ ըստ տարածված լուրերի` երեկ՝ երեկոյան, «Հայկական Վերածնունդ» կուսակցության Վանաձորի ավագանու ցուցակը գլխավորող Արկադի Փելեշյանը՝ Ական, դաժան ծեծի է ենթարկել Վանաձորի Հայ Ավետարանական եկեղեցու առաջնորդ Ռաֆիկ Գրիգորյանին:

Այսօր՝ հոկտեմբերի 5-ի առավոտյան ոստիկանությունը Երեւանում հայտնաբերել է Արկադի Փելեշյանին: Նրան, հավանաբար, այս պահին տեղափոխում են Վանաձոր:

NEWS.am-ի տեղեկություններով, Փելեշյանը եկել էր Երեւան «Հայկական վերածնունդ» կուսակցության ղեկավարության հետ հանդիպելու նպատակով:

Նշվում է, որ Արկադի Փելեշյանը եկեղեցի է եկել մոտ մեկ տասնյակ մարդկանց ուղեկցությամբ, ու հենց եկեղեցու ներսի սենյակում հարվածներ է հասցրել Ռաֆիկ Գրիգորյանին՝ նրան մեղադրելով այն բանի մեջ, որ ՀՀ փոխոստիկանապետ Անուբաղ Համբարյանից փող է վերցրել եւ ընտրությունների ժամանակ աշխատել ՀՀԿ-ի թեկնածուի օգտին:

Արկադի Փելեշյանի զավակները ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի եղբոր՝ Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնի պետ Էրիկ Շարմազանովի սանիկներն են: