Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հաստատում է, որ Գյումրիում տեղի ունեցած ընտրություններից հետո դժգոհություն ունեն ՀՅԴ-ական մարզպետ Հովսեփ Սիմոնյանից:
«Այո դժգոհություն կա այն իմաստով, որ մարզպետն այն պաշտոնյան է, որը պետք է կարողանա համապատասխան հեղինակություն ավելացնել մեր ունեցածի վրա եւ այդ առումով, հարցեր կան, որոնց լուծման համար մարզպետն իր հեղինակությամբ ճիգ պետք է գործադրեր եւ դրանով բարձրացներ մեր հեղինակությունը»,- այսօր` հոկտեմբերի 5-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Արմեն Ռուստամյանը:
Խմբակցության ղեկավարի խոսքով, մարզպետի պաշտոնն իրենք չեն դիտել որպես ընտրական լծակ, քանի որ դա հակաօրինական է, այնուամենայնիվ, յուրաքանչյուր պաշտոնյա ավելացնում կամ պակասեցնում է այն կուսակցության վարկանիշը, որը ներկայացնում է:
Նշենք, որ Գյումրիում ՀՅԴ-ն չի հաղթահարել անցողիկ 6-տոկոսանոց շեմը:











