Շարմազանովը պետք է ներողություն հայցի ինձնից։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 5-ին, Ազգային ժողովում լրագրողներիհետ զրույցում հայտարարել է «Ալյանս» կուսակցության ղեկավար, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը։
Նշենք, որ նախօրեին Ազգային ժողովի ամբիոնից Տիգրան Ուրիխանյանը հայհոյախառն տեքստով քննադատության ենթարկեց քաղաքագետ Ստեփան Սաֆարյանին, ինչին ի պատասխան Աժ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը արձագանքեց, թե Ուրիխանյանի տեղը ախոռն է։ Ուրիխանյանը վիրավորվելով Շարմազանովի բնութագարումից, հայտարարել էր, թե դժոխքի է վերածելու Շարմազանովի կյանքը։
Սակայն այսօր՝ ԱԺ-ում լրագրողները նկատել են, որ Ուրիխանյանը ՀՀԿ-ական պատգամավորներ Գագիկ Մելիքյանի, Հովհաննես Սահակյանի եւ Արագած Ախոյանի հետ դուրս է եկել Շարմազանովի աշխատասենյակից։
Ուրիխանյանը չի մանրամասնել՝ ինչ են քննարկել եւ պնդել է, որ Շարմազանովը իրենից պետք է ներողություն հայցի։
Հարցին, ինչպե՞ս է դժոխքի վերածելու Շարմազանովի կյանքը, ասել է՝ իր ձեւակերպումը ծայրահեղ հստակ էր հասարակության համար։
Ինչ վերաբերում է իր մանդատը վայր դնելուն, նա ասաց, թե իր պայքարին նոր շունչ է հաղորդելու եւ երկիրը ազատելու է նրանցից, ովքեր կործանում են ժողովրդին։
«Ես վերանայելու եմ իմ քաղաքական գործունեությունը, դիմումի հետ կապ չունի դա, քաղաքական գործունեությունը վերանայելու եմ ռադիկալ պայքարի հարթության տեսանկյունից»,-ասել է Ուրիխանյանը։











