Վարչապետի քննադատությունը վերաբերելու է ոչ թե անձին, այլ գործին։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 6-ին, կառավարության նիստում հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Նա մասնավորապես, նշել է.
«Այս նոր կառավարության հաջողությամբ են պայմանավորված այն ակնկալիքները, որ այսօր ունի մեր ժողովուրդը: Ուրեմն, պետք է լիարժեքորեն լծվել աշխատանքի: Իմ հորդորն է՝ նվիրվե՛լ անմնացորդ: Աշխատանքային հարաբերություններում շատ դժվարություններ կլինեն, բայց եղե՛ք ամուր, հաստատակամ, ինչպես եւ պայմանավորվել ենք, նեղանալ եւ նեղսրտել չկա:
Բոլորս պետք է հասկանանք, երբ մենք անցնում ենք պետական ծառայության, ապա միշտ անձնականը պետք է մղվի երկրորդ, ավելի ճիշտ՝ երկրորդական պլան: Ես վստահ եմ, որ ձեր ընտանիքների անդամները եւ ձեր ընկերներն այս հանգամանքը կհասկանան:
Մի վախեցեք նրանից, որ կասեն՝ դարձել եք նախարար, դարձել եք կառավարության անդամ, մեզ հետ քիչ եք հանդիպում, մեզ քիչ եք ուշադրություն դարձնում: Նվիրվելով աշխատանքին՝ դուք ձեր ուշադրությունը եւ՛ ձեր ընտանիքիների անդամների, եւ՛ որ շատ կարեւոր է՝ մեր ժողովրդի նկատմամբ կրկնապատկում եք: Եղե՛ք միասնական: Վարչապետը սոսկ ձեր ղեկավարը չէ, վարչապետն այս թիմի առաջնորդն է, եւ ես վստահ եմ, որ նրա հնարավոր կշտամբանքները, հնարավոր դիտողությունները երբեք ձեր անձերին չեն վերաբերվելու: Դա արվելու է միայն ու միայն աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով: Մենք, իրոք, շատ բան ունենք անելու եւ այդ ճանապարհին լինելու ենք հաստատակամ: Մենք պետք է միայն առաջ գնանք: Նայե՛ք առաջ: Պրոբլեմների ժամանակ մի փորձեք դրանց արմատները տեսնել անցյալում: Դա ամենից հեշտն է: Միշտ պետք է գտնել առաջ գնալու ուղիները: Սա՛ է միայն հաղթանակի բանաձեւը, եւ ես վստահ եմ, որ մեր միասնական աշխատանքը բերելու է հաջողության»:











