Ամբողջ քաղաքական դաշտը զավթել են էն ուժերը, որոնց որակի մասին, կարծում եմ` բոլորդ տեղյակ եք, հիմա ինչ-որ անձինք թե ինչ ունեն անելու-չանելու, իրենց որոշելու հարցն է: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 6-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն` անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն հնարավոր վերադարձին:

«Քաղաքական դաշտում ոչ թե ճեղք կա, այլ մի ամբողջական աղետ կա:  Ամբողջ քաղաքական դաշտը զավթել են էն ուժերը, որոնց որակի մասին, կարծում եմ` բոլորդ տեղյակ եք: Հիմա թե կոնկրետ ինչ-որ անձինք ինչ ունեն անելու-չանելու, իրենց որոշելու հարցն է: Իրենք ունեն սահմանադրական իրավունք, ես բացարձակապես հակված չեմ մեկնաբանելու այլոց քայլերը: Մենք կարող ենք խոսել մեր դերակատարության մասին: Մենք համագործակցել ենք այն քաղաքական ուժերի հետ, որոնք կոնկրետ քայլեր են կատարում մեր քաղաքական թատերաբեմում եւ, եթե դրանք ընդհանուր նպատակի տանում են, ապա համագործակցում ենք այդ ուժերի հետ»,- ասաց Լեւոն Զուրաբյանը:

Ընդդիմադիր պատգամավորն ասաց, որ ինքը որպես հանրության ներկայացուցիչ` զգում է Կոնգրեսի հաղթանակի հանրային պահանջ: Լեւոն Զուրաբյանը հրաժարվել է մեկնաբանել` հանրությունը Ծառուկյանի ինտելեկտի՞, թե՞ փողի պահանջն ունի: