Մայրաքաղաքի գործարար կենտրոնում ՝ Էլիտ Պլազա բիզնես կենտրոնում, տեղի ունեցավ Ինեկոբանկի նոր մասնաճյուղի բացման հանդիսավոր արարողությունը։
Նոր մասնաճյուղը նախատեսված է անհատ հաճախորդների սպասարկման համար։ Ինեկոբանկի վաճառքի տնօրեն Արամ Բալոյանը նշեց, որ Ինեկոբանկն իր նոր մասնաճյուղով լուծել է ոչ միայն հաճախորդին մոտ գտնվելու խնդիրը, այլեւ իր նոր՝ նախադեպը չունեցող ձեւաչափի շնորհիվ, նվազագույնի է հասցրել բանկային գործարքների վրա ծախսվող ժաղամանակը։
«Այս մասնաճյուղի միջոցով մենք ավելի մոտեցանք մեր հաճախորդների շատ կարեւոր սեգմենտներին։ Նրանք հիմնականում Երեւանի գործարար կենտրոնում տեղակայված բիզնես եւ պետական հիմնարկների աշխատակիցներն են, ովքեր իրենց զբաղվածության պատճառով շատ քիչ ժամանակ կարող են հատկացնել բանկային գործարքների համար եւ հաճախ ստիպված են լինում զոհել իրենց ընդմիջմանը հատկացված ժամանակը»,- ասաց Բալոյանը՝ նշելով, որ այս մասնաճյուղում չկան ավանդական բանկին բնորոշ հերթեր, անթիվ թղթեր, հաճախորդների համար անհասկանալի գործով զբաղված աշխատակիցներ, այստեղ նույնիսկ ավանդական դրամարկղեր չկան։
Բալոյանն ընդգծեց, որ այս մասնաճյուղը գերհագեցած է տեխնոլոգիաներով, որոնք բանկային ծառայություններն առաքում են ժամանակակից մարդուն հարմար գործիքներով եւ ուղիներով: «Մեր աշխատակիցներն այստեղ են հաճախորդներին ֆինանսական խորհրդատվություն մատուցելու եւ այդ տեխնոլոգիաներին հասանելություն ապահովելու համար»,-ասաց նա՝ նկատելով, որ սա արդեն Ինեկոբանկի երրորդ մասնաճյուղն է մայրաքաղաքում, որն աշխատում է 24/7 ռեժիմով, եւ առաջիկայում նույնպես սպասվում է նմանատիպ մասնաճյուղերի բացում։
Ինեկոբանկի ներկայացուցիչ Արման Ավթանդիլյանի խոսքով՝ կանխիկով գործարքների համար մասնաճյուղում հասանելի են InecoExpress տերմինալները, որոնք առաջին անգամ Հայաստանում թույլ են տալիս իրականացնել կանխիկի մուտք եւ ելք երեք հիմնական արժույթներով։ Տերմինալների միջոցով հնարավոր է կատարել հաշիվների համալրումներ, վարկերի մարումներ, քարտային եւ այլ հաշիվներից կանխիկացումներ, կոմունալ վճարումներ։
Ըստ նրա՝ հաճախորդներն այստեղ կարող են ծանոթանալ եւ բաժանորդագրվել Ինեկոբանկի հեղափոխական օնլայն եւ մոբայլ լուծումներին։ Օգտագործողների քանակով InecoOnline համակարգը եւ InecoMobile հավելվածը հանդիսանում են Հայաստանի բանկային շուկայի առաջատարները։
Նշենք, որ 1996թ.-ին հիմնադրված «Ինեկոբանկ» ՓԲԸ-ն հանդիսանում է Հայաստանի առաջատար բանկերից մեկը անհատ հաճախորդների, Միկրո եւ ՓՄՁ ոլորտի հաճախորդների համար՝ սպասարկելով 300.000-ից ավելի անհատ և 10 000-ից ավելի բիզնես հաճախորդների: Առաջին բանկն է Հայաստանում, որ ներդրել է ապառիկ առեւտրի վարկավորման ծառայությունը՝ խթանելով սպառողական ապրանքների շուկայի զարգացումը: Համար 1 բանկն է Հայաստանում կապիտալի շահութաբերության ցուցանիշով (ROE, 2015թ.): Առաջատար բանկն է ՀՀ-ում միջազգային ներդրողների քանակով (30-ից ավելի): Բանկի խոշոր բաժնետերերն են EBRD, IFC, DEG միջազգային կազմակերպությունները: 2015թ․-ին «Ինեկոբանկ» ՓԲԸ-ն ձեռք բերեց ՊրոԿրեդիտ Բանկ ՓԲԸ բաժնետոմսերի 100%-ը։











