Արմենիա TV–ն ներկայացնում է նոր՝ Հայաստանում նախադեպը չունեցող մեդիանախագիծ կաբելային հեռարձակման ոլորտում. առաջին անգամ «Արմենիա Premium»–ը ստեղծում է առանձին հեռուստաարտադրանք՝ միայն Պրեմիում դիտողների համար՝ Արմենիա TV եւ Ucom ընկերությունների գործակցությամբ։ Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 7–ին, լրագրողների հետ հադիպմանն ասաց «Արմենիա» հեռուստաընկերության տնօրեն Դավիթ Բաբախանյանը՝ հավելելով, որ սա նոր խոսք է հեռուստատեսային ձեւաչափերի ստեղծման մեջ (ֆոտոռեպորտաժ)։
Նա նշեց, որ հոկտեմբերի 31–ից Ucom-ի բաժանորդները հնարավորություն կունենան դիտելու 4 նոր, բացառիկ նախագիծ, որոնք ստեղծվել են հատուկ «Արմենիա Premium» ալիքի համար։
Բաբախանյանը հիշեցրեց, որ 2015թ. Արմենիա TV–ն հեղափոխեց հայկական կաբելային հեռուստաընկերության ձեւաչափը՝ եթեր հեռարձակելով միանգամից 6 նոր ալիք։ Մեկ տարի անց, ըստ Բաբախանյանի, Արմենիա TV–ն խաղի նոր կանոններ է թելադրում՝ այժմ առաջարկելով 4 նոր գերժամանակակից նախագիծ, որոնք կհայտնվեն Premium դիտողների հեռուստացանկում։
«Պրեմիում բառը նույնականացվում է լավագույնի հետ, եւ մենք ջանք չենք խնայում լավագույն մեդիա–բովանդակությունը ստեղծելու համար։ Մենք խոստացանք եւ արեցինք ավելին։ Երբ հոկտեմբերի 31–ին մեր սիրելի հեռուստադիտողը սեղմի հեռակառավարման վահանակի 0 կոճակը, չի կարող չնկատել իսկապես Պրեմիումին արժանի հեռուստանախագծերը»,– ասաց Բաբախանյանը։
Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանն իր հերթին ասաց, որ տեխնոլոգիական զարգացմանը զուգընթաց խիստ կարեւոր է, որ զարգացում ապրի նաեւ հեռուստատեսային բովանդակությունը։ «Այդ պատճառով է, որ մենք ինքներս ենք նպաստում մեր հեռուստադիտողի համար նախատեսված բովանդակության ստեղծմանը եւ հովանավորել ենք հայ ամենահայտնի դերասանների մասնակցությամբ ստեղծված պատմական սերիալը, երկու սիթքոմը եւ ռեալիթի– շոուն։ Արմենիա Premium ալիքների ստեղծումից հետո սա եւս մեկ քայլ է դեպի որակյալ եւ հետաքրքիր բովանդակություն Ucom ընկերության բաժանորդների համար։ Հուսով ենք, որ այս խիստ պատասխանատու ներդրման արդյունքում ստեղծված բովանդակությունը գոհունակությամբ կընդունվի հեռուստադիտողի կողմից»,– նշեց Եսայանը։
Անդրադառնալով «Հին արքաներ» բազմասերիանոց խաղարկային հեռուստաֆիլմին՝ Բաբախանյանը նշեց, որ թեեւ գաղափարը վաղուցվանից կար, սակայն այն իրականացնելու համար կային ֆինանսական դժվարություններ. «Օգնության եկան մեր գործընկերները՝ Ucom ընկերությունից։ Առանց իրենց աջակցության այդ նախագիծը իրողություն չէր դառնա»։
Հեռուստաֆիլմը պատմական ակնարկ է նախաքրիստոնեական ժամանակաշրջանի Հայաստանում՝ Մեծ Հայքում ծավալվող դրամատիկ իրադարձություններին։ Ֆիլմում նկարագրված դեպքերը տեղի են ունենում մեր թվարկությունից առաջ, երբ Հայաստանում պետք է գահ բարձրանար Տիգրան II Արտաշեսյանը՝ ապագայում Արքայից Արքա Տիգրան Մեծը։ Ֆիլմի կիզակետում Տիգրան I–ի մահից հետո ստեղծված արքունական դավադրություններն են։ Զգեստները, կենցաղի պարագաները եւ ժամանակաշրջաի բոլոր առանձնահատկությունները մշակվել են ազգագրագետների, պատմաբանների եւ հնագետների խորհրդատվությամբ։ Հեռուստաֆիլմում նկարահանվել են Ժան Նշանյանը, Մուրադ Ջանիբեկյանը, Ռուբեն Մուրադյանը, Շողեր Թովմասյանը, Արման Նշանյանը, Շաքե Թուխմանյանը, Աննա Գրիգորյանը եւ այլք։ Նախագծի ռեժիսորը Հարություն Շատյանն է։
Հարցին, թե որքանով է հավանական, որ հեռուստաֆիլմը կհայտնվի համացանցում, Եսայանը նշեց, որ ուշ թե շուտ ամեն ինչ հայտնվում է համացանցում. «Ժամանակի խնդիր է՝ մենք առաջին քայլերը կանենք, թե՝ համակարգչահանները»։
Բաբախանյանը նաեւ տեղեկացրեց, որ այս չորս նախագծին հաջորդելու են նորերը, իսկ հիմա՝ հոկտեմբերի 31–ից սկսած, ամեն օր Արմենիա Պրեմիումի եթերում ժամը 21։00–ին հեռուստադիտողը կկարողանա տեսնել որեւէ նախագծի նոր հատված։
«Ցանկալի փեսացուն» իրապատում (ռեալիթի շոու) հեռուստանախագիծ է՝ խաղի տարրերով։ Ցանկալի փեսացուն՝ Սոս Ջանիբեկյանն է, որն ընտրվել է պրոդյուսերական խմբի անցկացրած հետազոտությունից հետո (սոցիալական հարցումներ, սոցցանցերի, գլամուրային հեղինակավոր ամսագրերի մոնիթորինգ)։ Նախագծին մասնակցելու համար ընտրվել են 12 աղջիկներ, յուրաքանչյուր շաբաթ նրանցից մեկը լքելու է նախագիծը։ Վերջնական ընտրությունը կկատարվի երկու գեղեցկուհիների միջեւ։ Ցանկալի փեսացուն նախագծի պրոդյուսերը Հրաչյա Քեշիշյանն է։
24 սերիաներից բաղկացած Change սիթքոմի գլխավոր դերակատար Հովհաննես Ազոյանը ներկայանում է երկու կերպարով։ Մեկ դերում նա քրեական հեղինակություն է, մյուսում՝ անհաջողակ, բայց ազնիվ դերասան։ Սիթքոմի առանցքում գլխավոր գործարքն է՝ «change» լինել։ Ազնիվ դերասանը ստանձնում է իր կյանքի ամենակարեւոր եւ ամենաբարդ դերը։ Հումորային ժամանցային սիթքոմում նկարահանվել են Արմեն Մարգարյանը, Արթուր Նալբանդյանը, Մարիամ Մելիքյանը, Լիլիթ Հարոյանը, Անի Քոչարյանը, Անի Պետրոսյանը։ Նախագծի ռեժիսորը Գրիգոր Վահրամյանն է։
«Ազիզյանները» սիթքոմի գլխավոր դերակատարը Հայկ Մարությանն է։ Նա մարմնավորում է Գառնիկ Ազիզյանի կերպարը՝ հագուստի խանութի վաճառող, ընտանիքում միակ աշխատողը։ Տիկին Ազիզյանը ծուլանում է կատարել անգամ տնային տնտեսուհու պարտականությունները։ Երեք երեխաներին էլ հոր խնդիրները չեն հետաքրքրում. դուստրը ցանցաբնակ է, ակտիվ բոլոր սոցցանցերում, ավագ որդին անհաջողակ գործազուրկ է, իսկ կրտսեր տղան՝ դպրոցական։ Ընտանեկան դիտման համար նախատեսված իրավիճակային կատակերգության հերոսներին մարմնավորում են Անի Լուպեն, Սաթենիկ Հազարյանը, Իշխան Ղարիբյանը, Սուրեն Առուստամյանը եւ այլ հայտնի դերասաններ։ Նախագծի ռեժիսորը Արման Մարությանն է։











