Երեւանի պատմության թանգարանում այսօր` հոկտեմբերի 8-ին, «Էրեբունի-Երեւան» տոնակատարության շրջանակում բացվեց «Արտադրված է Երեւանում. ԳՕՍՏ…» ցուցահանդեսը: NEWS.am-ի թղթակիցն հաղորդում է, որ ցուցահանդեսի բացմանը ներկա էր Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը, ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը եւ մի շարք մշակութային եւ քաղաքական գործիչներ: Ցուցահանդեսին ներկայացված էր խորհրդային տարիներին Երեւանում արտադրված թեթև եւ սննդի արդյունաբերական արտադրանքների նմուշներ, որոնք ժամանակին հայտնի են եղել, ոչ միայն Խորհրդային Միության սահմաններում, այլեւ արտահանվել` այլ երկրներ:
«Ցուցահանդեսին փորձել ենք ներկայացնել խորհրդային շրջանում Երեւանի թեթեւ եւ սննդի արդյունաբերության նմուշները, որոնք ժամանակի ընթացքում նվիրվել են Երեւանի պատմության թանգարանին: Կոշիկի, գինու, ծխախոտի, կոնյակի, հագուստի, տրիկոտաժի արտադրություններ, որոնք հայտնի են եղել ոչ միայն Խորհրդային Միության սահմաններում, այլեւ արտահանվել են այլ երկրներ: «Հայգորգ» արտադրական միավորման արտադրությունները ժամանակին բազմաթիվ ոսկե մեդալներ են նվաճել միջազգային մրցույթներում»,- բացման ելույթում ասաց Երեւանի պատմության թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանը:
Նշենք, որ ցուցահանդեսին ցուցադրված էր Գինու կոմբինատի եւ կոնյակի գործարանի, ծխախոտի կոմբինատում արտադրված գլանակների, սովորական եւ ֆիլտրով բարձրորակ մակնիշի սիգարետների, կոշիկի «Մասիս» արտադրական միավորման, ժամացույցի գործարանի արտադրած զարթուցիչների, էլեկտրոնային եւ մեխանիկական ժամացույցների, կարի «Գարուն» արտադրական միավորման, հախճապակու գործարանի ազգային բովանդակությամբ, Գեղարվեստական կոմբինատի եւ «Հայգորգ» արտադրական միավորման արտադրանքի շուրջ 600 նմուշ:
«Արտադրված է Երեւանում. ԳՕՍՏ…» ցուցահանդեսի հիմնական նպատակն է ցուցադրել Հայաստանի արդյունաբերության առկա ներուժը, զարգացման հնարավորությունները, նպաստել նոր շուկաների բացահայտմանը:
«Ցուցահանդեսը կգործի մինչև տարեվերջ`երկուշաբթիից շաբաթ, ժամը 11-17.30:











