«Սուրբ Խաչ եւ Սուրբ Երրորդություն Հույսի Խորան Հաղորդարան» կոչվող կառույց-հուշարձանի վրա ամեն տարի խաչի տեղադրումն արվում է ժողովրդի մեղքերի ապաշխարհության համար: Այս մասին այսօր` հոկտեմբերի 9-ին, խաչի տեղադրման արարողությունից հետո իր ելույթում ասաց Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը:

«Լրագրողներից մեկը դիմելով ինձ հարցրեց` արդյոք այս ամենը կառուցել եք, որ մեղքերի թողություն տաք, այո, ամեն ինչը կառուցվում, արվում է ժողովրդի համար, մեր մեղքերի թողության համար: Ամենամեղավորը նա է, ով չգիտի, որ ինքը մեղավոր է»,-ասաց նա:

Այնուհետեւ, Աղվան Հովսեփյանը մեջ բերելով Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգությունից մի հատված»,կոչ արեց բոլորին լինել միասնական. «Հոգուս թեւերով ճախրեցի երկար,

Շրջեցի մարդկանց անթիվ-անհամար սերունդների մեջ,

Կշռադատելով, սակայն, մտովին`

Չգտա մեկին իմ չափ հանցավոր….Արդարացի եմ համարում միայն ինքս խիստ տուժել,

Քան դատապարտել իզուր շատերին.

Այսպիսով, իմ դեմ մեղանչողներին ներելուս համար`

Թերեւս դու էլ ինձ ներում շնորհես, օ, Տեր Աստված»:

Մեզանից յուրաքանչյուրը եւ մեղավոր է, եւ ապաշխարելու իրավունք ունի: Սիրելի ժողովուրդ, այս խաչը հազարավոր տարիներ շարունակ եղել է մահվան գործիք, հազարավոր մարդիկ նրա վրա իրենց մահն են տեսել, կյանքն են ավարտել: Քրիստոսի խաչելիությունից հետո խաչը դարձավ սրբություն: