Որեւէ մեկը վանաձորցու հետ չի խորհրդակցել ոչ իշխանական ուժերի միավորումներ կազմելու հարցով: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 10-ին Վանաձորի ավագանու նիստում, քաղաքապետի ընտրությունից առաջ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է ՀՀԿ-ի կողմից քաղաքապետի թեկնածու Մամյկոն Ասլանյանը:

«Մենք մասնակցել ենք Վանաձորի ավագանու ընտրություններին ու հաղթել ենք: Հուսով ենք՝ վանաձորցու տված քվեն չի կորչի: Որեւէ մեկը վանաձորցու հետ չի խորհրդակցել նման միավորումներ կազմելու հարցով: Վանաձորցին իր ձայնը տվել է նրան, ում ցանկացել է եւ չի մտածել, որ կարող են իր ձայներն այլ ուղղությամբ գնալ»,-ասաց նա:

«Վանաձորի ավագանու անդամները բոլորն էլ վանաձորցի են. «Չեմ կարծում, որ նրանք այդքան սուբյեկտիվ են եւ իրենց ժողովրդի նկատմամբ անարդար: Եթե վանաձորցին ուզեր, իր քվեն կուղարկեր միասնական ընդդիմադիր ճամբարին, իսկ այդպիսի ճամբար չի եղել»,-ընդգծեց նա:

Հարցին, թե իր քաղաքապետ դառնալու պարագայում, ինչպե՞ս է աշխատելու ավագանու 18 ոչ իշխանական անդամների հետ, որոնք մեծամասնություն են կազմում ավագանիում, Մամիկոն Ասլանյանը պատասխանեց. «Շատ լավ եմ պատկերացնում իմ աշխատանքը ավագանու ընդդիմադիր անդամների հետ: Վանաձոր քաղաքի համար ընդդիմադիր 18 պատգամավոր կամ 33 ավագանի գոյություն չունի, մեր պայքարն իրար դեմ ու իրար մեջ չի, մեր խնդիրը Վանաձորի ապագան է»:

Նշենք, որ այս պահին ընթանում է Վանաձորի ավագանու նիստը, որի ընթացքում պետք է քաղաքապետ։ ընտրվի: Թեկնածուները երկուսն են՝ ՀՀԿ-ից Մամիկոն Ասլանյանը, «Լուսավոր Հայաստանից»՝ Քրիստ Մարուքյանը:

Հիշեցնենք, որ Վանաձորի ավագանու ընտրություններում Հայաստանի Հանրապետական կուսակցությունն ստացել էր 13, «Լուսավոր Հայաստանը»՝10, «Հայկական Վերածնունդը»՝ 5, «Բարգավաճ Հայաստանը»՝ 3, ՀՅԴ-ն՝ 2 մանդատ:

«Լուսավոր Հայաստան», ԲՀԿ եւ «Հայկական վերածնունդ» կուսակցությունները որոշել են հանդես գալ համատեղ եւ պաշտպանել «Լուսավոր Հայաստանի» ցուցակը գլխավորող Քրիստ Մարուքյանին: Բանն այն է, որ այդ երեք ուժերը միասին ստացել էն Վանաձորի ավագանու 33 տեղերից 18-ը, իսկ ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն միասին 15 մանդատ ունեն։ Այսինքն եթե ոչ իշխանական այս երեք ուժերը որոշեն միասնական լինելու քվեարկել «Լուսավոր Հայաստանի» ցուցակը գլխավորող Քրիստ Մարուքյանի օգտին, Վանաձորը կունենա ոչ իշխանական քաղաքապետ։

«Լուսավոր Հայաստան», ԲՀԿ եւ «Հայկական վերածնունդ» կուսակցությունները հուշագիր են ստորագրել եւ պաշտպանելու են «Լուսավոր Հայաստանի» ցուցակը գլխավորող Քրիստ Մարուքյանին: