Վանաձորի ավագանու նիստում քաղաքապետի ընտրությունը անցնցում է շատ լարված մթնոլորտում: Երբ «Լուսավոր Հայաստանը» ներկայացնող ագավանու անդամը քվեախցիկից դուրս եկավ քվեաթերթիկը բաց վիճակում, ներկաների մի մասս սկսեցին աղմկել, որ դա օրենքի խախտում է:

Քաղաքապետի ՀՀԿ-ի թեկնածու Մամիկոն Ասլանյանը բարձրացավ քվեախցիկի մոտ եւ հայտարարեց, որ պետք է պահպանվի օրենքի պահանջը՝ քվեակությունը փակ-գաղտնի ընթակարգով է ընթանալու:

«Լուսավոր Հայաստան»-ի նախագահ, ԱԺ պատջգամավոր Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ «Լուսավոր Հայաստանը» բաց է քվեարկում եւ եթե որեւէ մեկը կարծում է, որ դա օրենքի խախտում է՝ կարող է դիմել դատարան: Նրա խոսքից հետո «Լուսավոր Հայաստանի» անդամները սկսեցին ծափահարել:

Մամիկոն Ասլանյանը շարունակում էր պնդել, որ քվեարկությունը չի կարող բաց անել, դա օրենսդրության եւ մարդու իրավունքների կոպտագույն խախտում է. «Մենք պարտավոր ենք ցանկացած անօրինականության դեմն առնել»:

Ապա դիմելով Էդմոն Մարուքյանին, Մամիկոն Ասլանյանն ասաց. «Դուք այստեղ կրկեսով եք զբաղված: Դուք եւ տիկին պատգամավորը (նկատի ունի ՕԵԿ-ից Հեղինե Բիշարյանին-խմբ) գիտեք, որ քվեարկությանը գաղտնի է: Դուք այստեղ կեղծում եք, անազնիվ քայլ եք կատարում»:

Էդմոն Մարուքյանի հարցին՝ «ավարտեցի՞ք, թե հիմա լսեք ինչ եմ ասում. 15 մանդատով ոնց եք հաղթելու», Մամիկոն Ասլանյանն արձագանքեց. «Չեմ լսելու ձեզ, ձեզ ինչ, փակ գաղտնի քվեարկություն ա: Դուք քաղաքական կրկեսով եք զբաղված, սա կապիկություն է»:

Իրավիճակն ավելի լարվեց, եւ ոստիկաններ ժամանեցին: Այս պահին լարված իրավիճակը շարունակվում է, քվեարկության ընթացքը ժամանակ առ ժամանակ ընդհատվում է:

Հիշեցնենք, որ Վանաձորի ավագանու ընտրություններում Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ստացել էր 13, «Լուսավոր Հայաստանը»՝10, «Հայկական Վերածնունդը»՝ 5, «Բարգավաճ Հայաստանը»՝ 3, ՀՅԴ-ն՝ 2 մանդատ:

«Լուսավոր Հայաստան», ԲՀԿ եւ «Հայկական վերածնունդ» կուսակցությունները հուշագիր են ստորագրել եւ պաշտպանելու են «Լուսավոր Հայաստանի» ցուցակը գլխավորող Քրիստ Մարուքյանին: Փաստացի ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն միասին ունեն 15 մանդատ, իսկ «Լուսավոր Հայաստանը», «Հայկական վերածնունդն» ու ԲՀԿ-ն միասին՝ 18 մանդատ:

ՀՀԿ թեկնածուն Մամիկոն Ասլանյանն է: