Վանաձորի ավագանու նիստը բուռն է ընթանում, կոչեր են հնչում բաց քվեարկություն կազմակերպել։
Նիստի ժամանակ քաղաքապետի ՀՀԿ-ի թեկնածու Մամիկոն Ասլանյանը հայտարարել է, թե անօրինական է բաց քվեարկություն իրականացնելը։ «Ոչ մեկն այստեղից դուրս չի գա, քվեատուփի մեջ էլ ոչ մի բան չի ընկնի»,- ասել է նա։
ՀՀ ազգային ժողովի պատգամավոր, «Լուսավոր Հայաստանի» նախագահ Էդմոն Մարուքյանն էլ հայտարարեց, որ կա ավագանու հաշվիչ հանձնաժողով, իրենք պետք է որոշեն ինչպես քվեարկել:
Մամիկոն Ասլանյանի պնդմանը, որ հանձնաժողովն իրավունք չունի օրենքի մեկնաբանություն տալ, Մարուքյան արձագանքեց. «Դուք որպես ընդդիմադիր անտանելի եք դառնում: Թողեք հանձնաժողովն աշխատի»:
Ասլանյանը՝ դիմելով Մարուքյանին, ասաց. «Ձեզ մոտ էյֆորիկ մոլորություն է»:
Մարուքյանն էլ պատասխանեց. «Մեզ մոտ էյֆորիա չկա, դուք եք էյֆորիայի մեջ: Դու ես դիմում գրել, որ էլ նոտար չես, գիտեիր թե քաղաքապետ ես աշխատելու»:
«Ես դիմում չեմ տվել, արձակուրդ եմ գնացել, ձեզ մոտ ամեն ինչ խեղաթյուրված է»,-ասաց Ասլանյանը՝ կրկնելով, որ բաց քվեարկությունն անօրինական է:
Էդմոն Մարուքյանն էլ առաջարկեց եթե անօրինականություն է տեղի ունենում, կարող են դիմել դատարան. «Դիմեք դատարան, թող ասի, որ դա անօրինական է: Ես իրավագիտության մագիստրոս եմ, ինձ իրավագիտություն մի բացատրեք»:
«Պարոն մագիստրոս, ձեզ նման հազար մագիստրոս էլ գա ինձ չի կարող ապացուցել»,-ասաց Մամիկոն Ասլանյանը:
Նշենք, որ Վանաձորի քաղաքապետի քվեարկության ժամանակ իրավիճակը լարվեց, երբ «Լուսավոր Հայաստանի» անդամներից մեկը քվեախցիկից դուրս եկավ առանց քվեաթերթիկը ծալելու:
Քաղաքապետի ՀՀԿ-ի թեկնածու Մամիկոն Ասլանյանը բարձրացավ քվեախցիկի մոտ եւ հայտարարեց, որ պետք է պահպանվի օրենքի պահանջը՝ քվեակությունը փակ-գաղտնի ընթակարգով է ընթանալու:
Այս պահին իրավիճակը մի փոքր հանդարտվել է եւ քվեարկությունը վերսկսվել է:
Հիշեցնենք, որ Վանաձորի ավագանու ընտրություններում Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ստացել էր 13, «Լուսավոր Հայաստանը»՝10, «Հայկական Վերածնունդը»՝ 5, «Բարգավաճ Հայաստանը»՝ 3, ՀՅԴ-ն՝ 2 մանդատ:
«Լուսավոր Հայաստան», ԲՀԿ եւ «Հայկական վերածնունդ» կուսակցությունները հուշագիր են ստորագրել եւ պաշտպանելու են «Լուսավոր Հայաստանի» ցուցակը գլխավորող Քրիստ Մարուքյանին: Փաստացի ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն միասին ունեն 15 մանդատ, իսկ «Լուսավոր Հայաստանը», «Հայկական վերածնունդն» ու ԲՀԿ-ն միասին՝ 18 մանդատ:
ՀՀԿ թեկնածուն Մամիկոն Ասլանյանն է:











