Ասիական զարգացման բանկը կշարունակի համագործակցությունը ՀՀ կառավարության հետ: Այս մասին, հոկտեմբերի 10-ին, ԱՄՆ-ում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ նշել է Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Վենկայ Ժանգը:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Ասիական զարգացման բանկի փոխնախագահի հետ հանդիպման ժամանակ նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել բանկի առաքելությունը եւ դերակատարությունը Հայաստանի տնտեսական զարգացման գործում եւ ընդգծել, որ ԱԶԲ-ին ՀՀ անդամակցության անցած տասը տարիների ընթացքում ձեւավորվել է արդյունավետ համագործակցություն: Սերժ Սարգսյանը կարեւորել է բանկի ֆինանսավորմամբ Հայաստանում իրականացվող խոշոր ներդրումային նախագծերը, այդ թվում` ենթակառուցվածքների զարգացման, տարբեր ոլորտներում ցուցաբերվող տեխնիկական աջակցության, մասնավոր հատվածի ֆինանսավորման ծրագրերը, որոնք միտված են տնտեսության մրցունակության բարձրացմանը եւ կայուն տնտեսական աճի ապահովմանը:

Հայաստանի տնտեսական զարգացման ներկայիս փուլում մեծապես կարեւորելով ներդրումների ներգրավումը` Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ԱԶԲ-ին՝ նյույորքյան համաժողովի կազմակերպմանն աջակցելու համար:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել մեր երկրի համար առաջնահերթություն համարվող ոլորտների զարգացմանը ԱԶԲ-ի «Հայաստանի գործընկերության ռազմավարության» շրջանակներում բանկի օժանդակության վերաբերյալ: Բանկի փոխնախագահ Վենկայ Ժանգը հայտարարել է, որ ԱԶԲ-ն կշարունակի համագործակցությունը Հայաստանի կառավարության հետ` ի լրումն իրականացվող ծրագրերի նախատեսելով օժանդակություն նաեւ սոցիալական ենթակառուցվածքների, տնտեսական միջանցքների զարգացման, բարեփոխումների, նորարարական ծրագրերի իրականացման ուղղությամբ, որը, նրա համոզմամբ, կնպաստի ներդրումների ներգրավմանը երկրի տնտեսության մեջ: