Պանամայի սկանդալի գլխավոր հերոսին Սահմանադրության ուժով շնորհվեց նոր ուժ: Այդ մասին ԵԽԽՎ ամբիոնից հայտարարել է հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Կարապետյանը՝ անդրադառնալով Ալիեւների ընտանիքին։

«Լիահույս եմ, որ «Պանամայի փաստաթղթերի» հարցի քննարկումը բազմաթիվ քաղաքական գործիչների ետ կպահի հանցագործ փողերից եւ օֆշորային սկանդալներից: Բանաձեւում նշված է, որ «Խորհրդարանական վեհաժողովը անհանգստացած է, որ ժամանակակից հասարակության մեջ դեռեւս առկա են հարկային դաշտից խուսափելու դեպքեր, ինչպես նաեւ խիստ մտահոգված է, այս ամենում բացեիբաց ներգրավված են հայտնի ընկերություններ եւ հասարակական գործիչներ, ովքեր պետք է ծառայեին բարոյական վարքագծի օրինակներ: Վեհաժողովը համարում է, որ քաղաքականության մեջ եւ գործարար աշխարհում էթիկայի բարձր չափանիշի պահպանումը կարեւոր է տնտեսական, սոցիալական եւ ժողովրդավարական համակարգերի կայացման եւ աջակցության հարցում»,- ասել է նա:

Ըստ պատգամավորի, մի քանի ամիս առաջ աշխարհը ցնցված էր «Պանամայի փաստաթղթերի» հրապարակումից, որտեղ իր պատվավոր տեղն էր զբաղեցնում Ադրբեջանի նախագահը իր ընտանիքի հետ միասին՝ կինը, դստրերը, քույրը եւ այլն:

«Օֆշորային ընկերությունների այս միլիարդավոր դոլարները, որոնք պատկանում են կամ կառավարվում Ալիեւների կողմից, ինչպես նաեւ այն հսկայական գումարները, որոնք ծախսվում են զենքի եւ զինամթերքի ձեռքբերման վրա, կարող էին ծախսվել Ադրբեջանում իրական բարեփոխումների եւ ռեալ ժողովրդավարացման նպատակով:

Եվ մինչ նախագահական ընտանիքի կանայք իրենց գեղեցիկ կյանքն են վայելում, ստանալով միլիոնավոր դոլարների այնպիսի եկամուտ, որ նույնիսկ Ալիեւի ընտանիքի տասը սերունդն ունակ չի լինի ծախսելու, Ալիեւի ռեժիմը երկարաձգում է իր կառավարման դարաշրջանը՝ ընդունելով նոր Սահմանադրություն, որը հնարավորություն է տալիս Ալիեւի կլանին իշխանությունն իրենց ձեռքում պահել նաեւ առաջիկա երկար տարիների ընթացքում: Ի դեպ, այսպես կոչված Սահմանադրությունը խստագույն քննադատության է արժանացել Վենետիկի հանձնաժողովի կողմից»,- նշել է Կարապետյանը:

Նրա խոսքով, այո, Ադրբեջանը կրակի երկիր է, բայց ոչ կյանքի կրակի, այլ պատերազմի կրակի, սարսափի կրակի, հանցագործությունների կրակի: «Մենք վերջերս համոզվեցինք, որ կոռումպացված քաղաքական գործիչը լուրջ վտանգ է ոչ միայն օրենքի, այլեւ մարդու հիմնարար իրավունքներից մեկի՝ կյանքի իրավունքի համար: Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը լուրջ հետազոտական աշխատանք է կատարել, եւ շատ երկրներում արվել են ադեկվատ քայլեր։ Իհարկե, ցանկալի կլիներ, որ ադեկվատ քայլեր արվեին բոլոր երկրներում, կամ գոնե ոչինչ չարվեր, այլ ոչ թե լիներ այն, ինչ եղավ Ադրբեջանում՝ Պանամյան սկանդալի գլխավոր հերոսին Սահմանադրության ուժով շնորհվեց նոր ուժ եւ իրավունքներ։ Եվ ի՞նչ դասեր պետք է մենք քաղենք սրանից հետո.. Փաստաթղթում նշված է. «Վեհաժողովը հաստատում է քաղաքացիների վստահության վերականգնման անհրաժեշտությունը եվրոպական ժողովրդավարական համակարգի հանդեպ…»: