Հայաստանն օտարերկրյա ներդրողներին կարող է շահավետ պայմաններ առաջարկել: Այս մասին, «Ամերիկայի Ձայն»-ին ասել է Հայաստանի փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, որը Նյու Յորքում մասնակցում էր «Հայաստան՝ դարպաս դեպի մեծ շուկաներ» ներդրումային համաժողովին:
Անդրադառնալով Հայաստանի ներդրումային գրավչությանը Վաչե Գաբրիելյանը նշել է.
«Մենք բոլոր ներդրողներին հնարավորություն ենք տալիս ոչ միայն աշխատել Հայաստանում այլեւ՝ մեր միջոցով մուտք գործել խոշոր շուկաներ»:
Երկրի ներսում փոխվարչապետը հեռանկարային է համարում գյուղատնտեսության եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտները. «Մեզ մոտ շատ է զարգացած միկրոէլեկտրոնիկան, տեղեկատվական տոխնոլոգիաների ոլորտը: Մեր երկիրն ունի զբոսաշրջության զարգացման մեծ ներուժ, ունենք գյուղատնտեսության ոլորտ, որը դեռեւս կարող է մի քանի անգամ աճել»:
Վաչե Գաբրիելյանի խոսքով, Հայաստանի տնտեսության մեջ ներդրում կատարողները կարող են մուտք գործել Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի շուկաներ, ինչպես նաեւ օգտվել առավելություններից, որոնք ընձեռում են ազատ առեւտրի մասին հայ-վրացական եւ հայ-ուկրաինական պայմանագրերը եւ ազատ մուտքն Իրան:
Ձեռքբերումների թվում փոխվարչապետը նշում է Հայաստանի մակրոտնտեսական կայունությունը: Մարտահրավերների թվում Վաչե Գաբրիելյանը նշում է ղարաբաղյան հակամարտությունն ու տարածաշրջանային անկայունությունը. «Անշուշտ, դա ազդում է տնտեսական զարգացման վրա, սակայն դրանք անհաղթահարելի ուժեր չեն եւ հակամարտության խաղաղ կարգավորմանը ձգտելով հանդերձ մենք պատրաստ ենք մեզ պաշտպանել եւ զարգանալ»:
Միեւնույն ժամանակ, փոխվարչապետն ընդգծել է, որ երկրի ներսում չկան սուր քաղաքական խնդիրներ. «Մեր բոլոր հակամարտությունները տարածաշրջանային են: Երկրի ներսում քաղաքական սուր հարցեր չկան: Մենք ունենք հասարակություն, որում առկա են բազմաթիվ զարգացումներ, որտեղ պաշտպանվում է խոսքի ազատության իրավունքը, մեր սուր խնդիրները կապված են հարեւան երկրների հետ»:











