Հայաստանի կառավարությունը հոկտեմբերի 13-ին կայացած նիստում համապատասխան որոշմամբ 400 հազար եվրո հատկացրեց՝ ընտրությունների համար նոր սարքավորումներ ձեռք բերելու նպատակով:

208 մլն դրամը (400 հազար եվրո) Կառավարության պահուստային ֆոնդից փոխանցվելու է ՄԱԿ-ի զարգացման ծրագրին (UNDP):

«Դոնոր կազմակերպությունները ֆինանսավորում են ընտրությունների համար սարքավորումների գնմանը: Հայաստանի կառավարությունը համաձայնեց մասնակցել համաֆինանսավորմանը, որն էլ տրամադրում ենք»,- հայտարարեց Կառավարության աշխատակազմի ղեկավար, նախարար Դավիթ Հարությունյանը:

Հիշեցնենք, որ Ընտրական օրենսգրքում կատարված փոփոխություններով՝ քվեարկության օրն ընտրատեղամասերում եւ մուտքերի մոտ պետք է նկարահանում կատարվի՝ ուղիղ առցանց հեռարձակմամբ: Խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են 2017 թվականի ապրիլին: