CNN–ի լրագրողին տված ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի պատասխանը սոցցանցերում բուռն քննարկումներ է առաջ բերել։ Մասնավորապես, իրարանցում է առաջացրել pussy բառը, որը Լավրովն օգտագործել էր ԱՄՆ նախագահական ընտրությունների մասին խոսելիս։

Լրագրող Քրիստիեն Ամանպուրի հարցը հնչել էր հետեւյալ կերպ. «Ռուսաստանն ուներ Pussy Riot–ի հետ կապված սեփական պատմությունը, իսկ ի՞նչ եք Դուք կարծում Թրամփի Pussy Riot–ի մասին»։

Լրագրողը նկատի ուներ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ վերջին սկանդալը։ 11-ամյա վաղեմության ձայնագրության մեջ հանրապետական թեկնածուն ասել էր, թե կանայք հայտնի մարդկանց շատ բան են թույլ տալիս, օրինակ, նրանք թույլ են տալիս «բռնել իրենց շեքը» («Grab them by the pussy»), եւ դրա համար հայտնիներին ոչինչ չի լինի։

Լավրովը հարցին տվել էր հետեւյալ պատասխանը. «Անգլերենն իմ մայրենի լեզուն չէ, այնպես որ ես վստահ չեմ, որ իմ բառերը կիրթ կհնչեն։ Բայց ձեր նախընտրական արշավում այնքան շատ են pussy–ները, որ ես կնախընտրեի ձեռնպահ մնալ մեկնաբանություններից»։

Հասկանալու համար, թե կոնկրետ ինչ է ասել Լավրովը, պետք է հիշել այդ բառի մի քանի նշանակությունները։ Դրանցից ամենատարածվածը կանացի սեռական օրգաններն են։

Այդ բառը նաեւ թարգմանվում է որպես թուլակամ, վախկոտ։  Լավրովն, ըստ երեւույթին, բառախաղով է պատասխանել հարցին։

Լավրովի բառերի պաշտոնական թարգմանությունը ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի ֆեյսբուքյան էջում հետեւյալն է. «Անգլերենն իմ մայրենի լեզուն չէ։ Բայց օգտագործելով ձեր տերմինոլոգիան, ձեր նախընտրական արշավում այնքան շատ են «պուսիները», որ ես չեմ էլ ուզում մեկնաբանել դա»։